2009թ. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին տարբեր հարցերով եւ բողոքներով դիմել են 15 հազար քաղաքացիներ, եւ բոլոր դիմումների 30 տոկոսը դրական պատասխան է ստացել: Մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Խոսելով իր ղեկավարած ծառայության գործունեության մասին՝ Հովսեփյանն ընդգծեց, որ մանրամասն ստուգումների արդյունքում տարբեր խախտումներ են արձանագրվել: Մասնավորապես՝ կապի եւ տրանսպորտի նախարարության անփութության պատճառով տրանսպորտային երթուղիները շահագործվել են առանց համապատասխան սխեմաների: Բազմաթիվ ավտոկայաններ ըստ նշանակության չեն օգտագործվում, օրինակ Սեւանում եւ Դիլիջանում դրանք վերածվել են ռեստորանների կամ խանութների: Ամենացնցող փաստը կապված է Երեւանի ավտոկայանի հետ, որը գրավադրվել է բանկերից մեկում 600 հազար դոլարով՝ նոր ավտոբուսների գնման համար: Սակայն, ըստ Հովսեփյանի, գումարը բանկին չի վճարվել, եւ միայն նախագահի համապատասխան հանձնարարությունից հետո նախարարությունը վճարել է այդ գումարի կեսը, իսկ մյուս կեսը կվճարի առաջիկայում: Նշենք, որ փորձագիտական գնահատականներով՝ Երեւանի ավտոկայանի շենքն արժե մոտ 5 մլն դոլար:
ՎԾ-ն խախտումներ է արձանագրել նաեւ կրթության եւ գիտության նախարարությունում, մասնավորապես՝ գիտական աստիճան տալու գործընթացում, նաեւ բուհերում՝ մի բուհից այլ բուհ տեղափոխվելու ժամանակ:
Ինչ վերաբերում է քաղաքաշինության նախարարությանը, այդ գերատեսչությունը միտումնավոր ուռճացրել է շինանյութերի գները, արդյունքում աճել են օբյեկտների շինարարության ծախսերը: Միայն 6 օբյեկտների ստուգումների ժամանակ արձանագրվել է 100 մլն դրամի խախտում: Նախարարության 5 աշխատակից հեռացվել են զբաղեցրած պաշտոններից:
Խախտումներ են գրանցվել Պետական գույքի կառավարման վարչությունում: Արձանագրվել է 200 մլն դրամի խախտում՝ ինքնարժեքից ցածր վաճառելու փաստ:
Քաղավիացիայի ոլորտում հիմնական խախտումները վերաբերել են օդանավեր շահագործող կազմակերպություններին արտոնագիր տալուն: Եղել են դեպքեր, երբ արտոնագրեր են տրվել ընդհանրապես օդանավեր չունեցող ընկերությունների: Հովսեփյանը նշեց նաեւ, որ Հայաստանում գրանցված ավիաընկերությունների մեծ մասը գործում են ստվերում, մի մասն էլ ծիծաղելի փոքր հարկեր են վճարում:
Խախտումներ են եղել նաեւ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունում: Այստեղ բարդություններ են ծագել, երբ նախարարությունը բնակարաններ կառուցելու համար գումար է փոխանցել «Ալյանս» ընկերությանը։ ՎԾ իրականացված միջոցառումների արդյունքում «Ալյանս» ընկերությունը մանկատների շրջանավարտներին ապահովելու է 25 բնակարանով եւ պետությանն է վերադարձրել մնացած 125 մլն դրամը:




























