Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեկտեմբերի 21-ին կայացած նիստում դեղերի շուկայում գործող 7 ընկերությունների տուգանել է ընդհանուր առմամբ մոտ 456 մլն դրամով։ Որոշման հիմք է դարձել նիստում ապացուցված այն հանգամանքը, որ դեղերի շուկայում գերիշխող ՝ «Նաթալի ֆարմ», «Ալֆա ֆարմ», «Վագա ֆարմ» ե մյուս 5 խոշոր ընկերությունները զուգորդված գնային քաղաքականություն են իրականացրել, եւ անհիմն բարձրացրել են սիրտ-անոթային, հակաշաքարային, հակավիրուսային դեղերի իրացման գները։ Նիստի ընթացքում ընկերությունների իրավաբանները փորձեցին ապացուցել, որ իրենց առաջադրված մեղադրանքները անհիմն են։ «Նաթալի ֆարմի» իրավաբանը հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին եւ հանձնաժողովի անդամ Պավել Ղալթախչյանին մեղադրեց կողմնակալության մեջ եւ միջնորդեց, որ նրանք բացարկ հայտարարեն, սակայն երկուսն էլ մեղադրանքն անհիմն համարեցին՝ եւ մերժեցին միջնորդությունը։

Տեղեկացնենք, որ «Նաթալի ֆարմ» ընկերությունը, որը որոշ տվյալներով պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, տուգանվեց 187 մլն դրամով։

Որոշման համաձայն, տուգանված ընկերությունները պետք է շտկեն ընկերություններում հայտնաբերված խախտումները, այսինքն՝ իջեցնեն դեղերի գները։