Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Ալբանիայի դեսպան Վիլի Մինարոլլիին (նստավայրը` Աթենք) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը, վերհիշելով 2008 թ. հոկտեմբերին Տիրանա կատարած իր այցելությունն ու Ալբանիայի արտգործնախարարի եւ վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ հայտնած փոխադարձ ձգտումը՝ ապրապնդելու երկկողմ հարաբերությունները, հույս է հայտնել, որ դեսպան Մինարոլլին իր կարեւոր նեդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման եւ պայմանավորվածությունների իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորվել է Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային շփումների աշխուժացման անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ԱԳ նախարարությունների միջեւ պարբերաբար խորհրդակցություններ անցկացնելու եւ քայլեր ձեռնարկելու՝ պատշաճ իրավապայմանագրային դաշտ ձևավորելու ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մինարոլլին մտքեր են փոխանակել կովկասյան եւ բալկանյան տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Նախարար Նալբանդյանը խնդրել է Ալբանիայի արտգործնախարար Իլիռ Մետային փոխանցել Երեւան այցելելու հրավերը: