«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 21-ին կայացած դատական նիստում ցուցմունք տվեց՝ հայտարարելով, թե մինչեւ վերջ ու աննկուն պայքարելու է օրինականության, ազատության և արդարության համար՝ անկախ նրանից` ազատության մեջ կլինի, թե բանտում:
Փաշինյանը հայտարարեց, որ 2008թ. փետրվարյան հանրահավաքների ժամանակ որեւէ ցուցարար խախտում չի կատարել, իսկ ապօրինություններն ու բռնությունները իշխանությունների ձեռքի գործն են: Փաշինյանը նաեւ հայտարարեց, թե մարտի 1-ին իշխանությունները միտումնավոր ցանկանում էին հավաքված բազմությանը Մյասնիկյանի արձանի մոտից տանել Մատենադարան եւ ճանապարհին սադրանքներ հրահրել:
Ըստ Փաշինյանի՝ ինքը ինքնապաշտպանության համար զինվելու հրահանգ է արել, քանի որ նախապես իմացել է, որ ժողովրդի մեջ քաղաքացիական հագուստով սադրիչներ կան, որոնք կարող էին բախումներ հրահրել:
Փաշինյանը նշեց, որ իշխանությունները, տեսնելով, որ չեն կարողանում հասնել իրենց ուզածին՝ բռնությունների ալիք սկսեցին, ինչն էլ հանգեցրեց 10 մարդու մահվան: «ՀՀ մայրաքաղաքի կենտրոնում ՀՀ քաղաքացիների սպանության հեղինակներին, ովքեր էլ որ լինեն, այլ կերպ, քան թուրք չեմ կարող անվանել: ՀՀ կենտրոնում ՀՀ քաղաքացիների սպանությունը այլ կերպ, քան ագրեսիա ՀՀ-ի նկատմամբ չեմ կարող անվանել»,- ազդարարեց Փաշինյանը: Ընդդիմադիր գործիչը նշեց նաեւ, որ դատարանում ցուցմունք տված ոստիկանները ակնհայտորեն ստել են, եւ նրանց ցուցմունքներում ահռելի հակասություններ կան:
Ի դեպ, իր ցուցմունքից հետո Փաշինյանը հրաժարվեց պատասխանել մեղադրողներ Կորյուն Փիլոյանի եւ Հարություն Հարությունյանի հարցերին:
Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 22-ին, ժամը 12-ին:



























