Ղարաբաղյան հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է եւ բացարձակապես կրոնական երանգ չունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ դեկտեմբերի 21-ին ընդունելով Հայաստանում Ալբանիայի նորանշանակ դեսպան Վիլի Մինարոլլիի (նստավայրը` Աթենք) հավատարմագրերը:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կարեւորել է քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը խթան կհանդիսանա այլ ոլորտներում գործակցության զարգացման համար:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրները չունեն հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող որեւէ խնդիր, ընդհակառակը՝ ունեն բավականաչափ ընդհանրություններն եւ նմանատիպ ձգտումներ, որոնք կարող են նպաստել նրանց մերձեցմանը:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Մինարոլլին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ այն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է, եւ բացարձակապես կրոնական երանգ չունի: Դեսպան Մինարոլլին ասել է, որ Ալբանիան մշտապես պաշտպանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: