Վրաստանի ընդդիմությունը պնդելու է, որ Քութաիսիի Փառքի հուշահամալիրը վերականգնվի եւ հենց այդ վայրում կառուցվի ուղղափառ եկեղեցի՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի մասնակիցներին եւ հուշահամալիրի պայթեցման արդյունքնում զոհվածներին:
Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտարարվել է Վրաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած խաղաղ ակցիայի ժամանակ: Մասնակիցները դեմ էին Փառքի հուշահամալիրի ապամոնտաժմանը, ինչի արդյունքում դեկտեմբերի 19-ին զոհվեցին մայրն իր դստեր հետ:
Ակցիային մասնակցել են 2000 հոգի եւ մի քանի կուսակցությունների առաջնորդներ, որոնց շարքում են եղել նախկին վարչապետը, «Հանուն արդար Վրաստանի» կուսակցության առաջնորդը, նախկին արտգործնախարարը, «Վրաստանի ուղին» կուսակցության նախագահը, Իմերեթի շրջանի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախագահի նախկին թեկնածուն, ներկայումս «Թեթրեբի» կուսակցության ղեկավարը, ընդդիմադիր «Ազգային ֆորում» կուսակցության առաջնորդը եւ այլք:
Ակցիայի մասնակիցները սուր քննադատության են ենթարկել երկրի իշխանություններին, «անթույլատրելի եւ հանցավոր համարելով պայքարը հուշահամալիրի դեմ»: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Միխայիլ Սահակաշվիլիի հավակնոտ եւ արկածախնդրային գործողությունները եւ նրա շրջապատը Վրաստանին եւս երկու զոհ տվեցին, զոհվեցին անմեղ մայրն ու աղջիկը, տուժել է նաեւ մի երիտասարդ: Նրանք դարձան կառավարության անհետեւողական եւ ոչ պրոֆեսիոնալ գործողությունների զոհը»,- ասվում է «Հանուն արդար Վրաստանի» կուսակցության հայտարարության մեջ:
Կուսակցությանը հատկապես վրդովվեցրել է այն, որ իշխանությունները փոխանակ ցավակցեն, ցինիկ քայլի են դիմել` հուշահամալիրի տեղում տեղադրելով ապագա խորհրդարանի մանրակերտով գովազդը: Այս մասին հաղորդում է Georgia Online կայքէջը




























