Ոստիկանությունն ուսումնասիրել է այսօր` հունիսի 21-ին, Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը, հաղորդում է ընդունվել դրա վերաբերյալ եւ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր, Ազգային ժողովի մուտքի մոտ (Դեմիրճյան փողոցից) ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, ում պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, նրա թիկնազորի անդամները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական բժիշկների: Գասպարրի ձեռքին եղել է պաստառ` «Նեմեց՝ մարդասպան» գրությամբ: Ակցիայի ժամանակ Վարդգես Գասպարիին է մոտեցել ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով նախկինում բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է, եւ խլել է ՀԱԿ ակտիվիստի ձեռքի ցուցապաստառը: Ի պատասխան Վարդգես Գասպարին սկսել է բացականչել. «Ալեքսանյան խուլիգան»: Այդ պահին նրան է մոտեցել Սամվել Ալեքսանյանին ուղեկցողներից մեկը, հրելով գետնին տապալել ակտիվիստին եւ հեռացել: Վարդգես Գասպարին նույն պահին, ԱԺ մուտքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկին հաղորդում է տվել, նշելով, որ ԱԺ մուտքի մոտ Սամվել Ալեքսանյանը խլել է իր ձեռքի պաստառը, իսկ նրա թիկնապահը հրել եւ վայր է գցել իրեն:




























