Էրեբունիի վարչական շրջանի Մուշական թաղամասի «Հայփոստի» բաժանմունքի վրա հունիսի 20-ին տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել 175 հոդվածի` ավազակություն  հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էրեբունիի վարչական շրջանի Մուշական թաղամասի «Հայփոստի» բաժանմունքի վրա հունիսի 20-ի երեկոյան ավազակային հարձակում է  տեղի ունեցել, ինչի արդյունքում կա 2 տուժող: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Էրեբունիի վարչական շրջանի Մուշական թաղամասի լիազոր ներկայացուցիչ Սվետլանա Ասլանյանը: Ի դեմ տուժողներից մեկն էլ նա է: Ս. Ասլանյանի ներկայացմամբ, ժամը 15.00-ի սահմաններում  անզեն մի երիտասարդ ներխուժել է Մուշական 1 հասցեում տեղակայված «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունք, որտեղ եղել է միայն բաժանմունքի պետը՝ 45-ամյա Արփիկ Հայրապետյանը։ Ներխուժած երիտասարդը հարձակվել է բաժանմունքի պետի վրա, կապել բերանը եւ ձեռքերը, ծեծի ենթարկել նրան:

Հարվածները հասցրել է բռունցքով եւ հիմնականում գլխի եւ դեմքի հատվածում, հիմնականում վնասելով աչքի հատվածը: Ծեծից հետո գումար է պահանջել, սակայն չստանալով գումարը, վերցրել է բաժանմունքի պետի դրամապանակը, որի մեջ եղել է 7 հազար դրամ եւ 20 դոլար գումար, նաեւ «Նոկիա» մոդելի  հեռախոսը: Նրա փախուստը փորձել է կասեցնել Սվետլանա Ասլանյանը, որի արդյունքում հարված է ստացել նաեւ նա: Երկու տուժածներին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ավելի ուշ` գիշերը ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժնի  աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել եւ ձերբակալել  ավազակային հարձակման մեջ կասկածվող ` 28-ամյա Սահակ Կարապետյանին: Վերջինս բռնվելու պահին, ըստ ոստիկանության տվյալների, իր մոտ եղած 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակով երկու անգամ հարվածել է իր որովայնին եւ պատճառել վնասվածքներ, ապա  դեն է նետել դանակը: Սահակ Կարապետյանին տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ: