Նախօրեին, երբ Աժ-ում սկսվեց կառավարության ծրագրի քննարկումը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մի քանի հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Նա, մասնավորապես, հարցրեց, թե ինչ ասել է ծրագրում գրվածը, թե` հարկային եւ մաքսային համակարգերը պետք է գործեն` ելնելով արդարության սկզբունքից, ո՞րն է այդ սկզբունքը եւ ի՞նչ իրավական նորմերով է կարգավորվում: Արսենյանը նաեւ հարցրեց, թե ինչ է նշանակում շեշտակիորեն, ո՞րն է այդ ձեւը, երբ կառավարությունը իր ծրագրում գրել է, թե առնվազն 3 անգամ ավելանալու են ժամանակակից ջերմոցային տնտեսության տարածքները, ինչի արդյունքում էապես կմեղմվեն մի շարք գյուղմթերքների գների տատանումները, ինչպես նաեւ շեշտակիորեն կավելանան դրանց արտահանման ծավալները: Նա մի քանի այլ նմանատիպ հարցադրումներ էլ արեց եւ, ակնհայտորեն չբավարարվելով վարչապետի պատասխանից, ասաց, որ իր ելույթում ամեն ինչ կասի: Ընդ որում, ասաց այնպիսի տոնայնությամբ, որ սպասվում էր, թե ջախջախելու է Տիգրան Սարգսյանին: Ի դեպ, վերջինս Էլ արձագանքել էր. «Ուշի ուշով կհետեւենք ձեր ելույթին»: Երեկ, սակայն, իր ելույթում Արսենյանը հայտարարեց, թե նախատեսել էր ելույթի 3 տարբերակ, բայց կխոսի այլ տարբերակով ու սկսեց պատմական էքսկուրս անել Շահ Աբասի ժամանակներում: Երեկ մեր թղթակիցը Արսենյանին ցանկացել է հարցնել` արդյո՞ք նախօրեին իր վրա ճնշում է գործադրվել կամ իր հետ բարեկամական զրույց են ունեցել, ինչի հետեւանքով էլ ինքը հրաժարվել է իր ելույթի մյուս տարբերակներից: Աժ-ում, սակայն, նրան «բռնացնել» չի հաջողվել, իսկ ավելի ուշ` պատգամավորը հեռախոսազանգերին չի պատասխանել»,- գրում է «Հայկական ժամանակը»:




























