ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալված 7 անձանցից 1-ը՝ մենեջեր Դավիթ Հայրյանն, ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Դավիթ Հայրյանը ներկայացվել է ճանաչման, սակայն տուժողները նրան չեն ճանաչել, ուստի ձերբակալվածը բաց է թողնվել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով. այն է`«ձերբակալվածը վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ենթակա է ազատման, եթե չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը»։ Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ:
Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել էր մի քանի ժամ, եւ Ավետյանն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: «Վահե Ավետյանի մոտ գլխուղեղի դիսլոկացիա է, մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագնդի մեջ»,-ասել էր վիրաբույժը:
Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»):Քրեական գործը նախ ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն, սակայն դատախազությունը հետ էր ուղարկել ոստիկանություն:
Ոստիկանները բերման են ենթարկել 7 մարդու, ռեստորանի մենեջերին եւ մատուցող Դավիթ Ադամյանին, որն առաջինն է սկսել վիճաբանությունը Վահե Ավետյանի հետ, նաեւ անվտանգության հինգ աշխատակիցների, այդ թվում Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը եւ Արման Խաչատրյանը՝ «Կյաժ» մականունով: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 22-ին, երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Հարսնաքարի» գործով: Կալանավորվել է 6 մարդ` Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը եւ Արթուր Բաբլոյանը:




























