Հայաստանի օրենսդրությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները կտարածվեն ՀՀ բոլոր համայնքների ղեկավարների վրա։ ՀՀ կառավարությունն այսօր` հուլիսի 4-ին, հավանություն տվեց օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որը ներկայացվելու է խորհրդարանին: Փոփոխություններ պետք է կատարվեն «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում:
Մասնավորապես` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվում է ավելացնել նոր կետ, ըստ որի` համայնքի ղեկավարը չի կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Գործող օրենքով այդ սահմանափակումը տարածվում է միայն 50 հազ. եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների վրա: Նշված փոփոխությունից հետո բոլոր գյուղապետերն էլ չեն կարողանա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել:


























