Մինչեւ հուլիսի 10-ը դիմորդները պետք է իրենց ատեստատները ներկայացնեն այն բարձրագույն ուսումնական հաստատություններ, որտեղ դիմել են, այլապես դուրս կմնան մրցույթից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը: Նա տեղեկացրեց, որ ընդունող հանձնաժողովներն աշխատում են առանց հանգստյան օրերի:
Նշենք, որ Հայաստանում հուլիսի 8-ին ավարտվում են ընդունելության քննությունները: Հունիսի 1-22-ը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կայացել է պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջին հիմնական փուլը: Դրանից հետո հունիսի 24-ից հուլիսի 1-ը ԳԹԿ-ում ընդունվել են միասնական քննությունների լրացուցիչ երկրորդ փուլին մասնակցելու 815 հայտ: Հուլիսի 2-8 ընթանում էր ինչպես միասնական քննությունների լրացուցիչ երկրորդ փուլը, այնպես էլ բանավոր կենտրոնացված եւ ներբուհական քննությունները: Իսկ հուլիսի 8-ին քննությունները ավարտվելուց հետո, մրցութային հանձնաժողովը կանցնի աշխատանքի եւ ըստ արդյունքների` կորոշի անցումային միավորները: Արդեն հուլիսի 15-ին դիմորդները կիմանան` ով որտեղ է ընդունվել եւ անվճա՞ր, թե՞ վճարովի:



























