Հայաստանի վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը երկու նախագիծ ունի առաջարկելու: Այս մասին այսօր` հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա` հավելելով, որ խոսքը բանակի եւ մշակույթի կապերի մասին է: «Ամսի տասնհինգից հետո կասեմ, կգնամ սահման, կգամ կասեմ: Հիմա այդ ծրագիրն ինձ համար կարեւոր է, ուզում եմ պահպանել չար աչքից: Հուրախություն ինձ՝ նկարիչների հետ կապված առաջարկն անսպասելի հայտնվեց իմ օրակարգի մեջ, պետք է հնարավորինս օգնել նկարիչներին»,- նշեց Շուշան Պետրոսյանը:

Երգչուհին իր մտահոգությունը հայտնեց այն առնչությամբ, որ այսօր ամենավաճառվող երգերը հայախոս թուրքական բայաթիներն են։ «Մատների արանքով են նայում այն հաղորդումներին, որոնց իսկապես մեծ ուշադրություն է պետք դարձնել։ Նման ազգանպաստ հաղորդումները չեն ֆինանսավորվում բացարձակապես, Տրոցկիի ժամանակաշրջանի միկրոֆոններով են ելույթ ունենում։ Ամբողջ Հանրային հեռուստաընկերությունը ազգայինին վերաբերող ընդամենը երկու հաղորդում ունի։ Պետք է հնարավորինս ուշադրություն դարձնել ազգային երաժշտության պրոպագանդային»,- նշեց նա։

Երգչուհու կարծիքով` այսօրվա մշակույթի մեջ կորում է մեր մշակութային գիծը, հայ մշակույթը հիթ-շքերթներում ներկայացվող երաժշտությունը չէ:

Անդրադառնալով  ԱԺ-ում քաղաքական գործչի ու մտավորականի բախմանը` Շուշան Պետրոսյանը նշեց, որ ուզում է լավատես լինել, որ չեն բախվի: «Հնարավորինս ամեն ինչ պետք է անեմ, որ բարելավվեն այն ոլորտները, որտեղ մտավորականները գործում են: Համառությամբ կհաղթեմ որպես մտավորական: Մտավորականը հաղթած է: Աստված տա, որպես քաղաքական գործիչ եւս հաղթեմ, շատ կարեւոր է այդ տեսակը չկորցնել այնտեղ եւ կարողանալ առաջ տանել»,- նշեց Շուշան Պետրոսյանը: