Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում, թե որ կառույցում գտնվի, որտեղից դուրս գա: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Պարզապես Դավիթ Շահնազարյանի` ՀԱԿ-ից դուրս գալով մեկ խնդիր է առաջանում: Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ից դուրս է գալիս, բայց մնում է ՀՀՇ-ում: Իսկ ՀՀՇ-ն ՀԱԿ-ի հիմնական հենասյունն է, որովհետեւ ուրիշ հենասյուն չկա: Ստացվում է, որ ՀԱԿ-ից դուրս է գալիս, բայց ՀՀՇ-ից դուրս չի գալիս: Այսինքն` ՀԱԿ-ից դուրս է գալիս, բայց ՀԱԿ-ից դուրս չի գալիս: Դա կառուցավածքային առումով տարօրինակ է»,- նկատեց Արմեն Բադալյանը:
Իսկ քաղաքական տեսանկյունից, քաղտեխնոլոգը չի կարծում, որ Դավիթ Շահնազարյանի դուրս գալը մեծ ազդեցություն կունենա ՀԱԿ-ի հաջողությունների կամ անհաջողությունների վրա, որովհետեւ, ըստ նրա, ՀԱԿ-ի հաջողություններն ու անհաջողությունները կախված են լրիվ ուրիշ խնդիրներից:
«Հաջողությունները կախված է նրանից, որ ՀԱԿ-ը նախ պետք է որոշի թե ինչ է ցանկանում անել, քանի դեռ ՀԱԿ-ը կոնկրետ որոշումներ չունի, հատկապես օրիենտացիոն առումով, թե ինչպես է պատկերացնում` Հայաստանը պետք է լինի արեւմտյա՞ն աշխարհի մաս, թե՞ ռուսական, ՀԱԿ-ը պետք է մնա բազմակուսակցակա՞ն մարմին, թե՞ մեկ հստակ մարմին: Քանի նմանօրինակ խնդիրները լուծված չեն, մեկ մադու դուրս գալը կամ ներս գալը ոչ ուժեղացնում է, ոչ թուլացնում»,- նկատեց Արմեն Բադալյանը:
Հարցին, թե իր կարծիքով ՀԱԿ-ից հեռանալու գործընթացը շարունակություն կունենա՞, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ես չեմ կարող գուշակություններ անել, բայց քանի դեռ ՀԱԿ-ն իր ապագան, հետագա անելիքը, կառուցվածքային խնդիրները չի լուծում, դա պարարտ հող է ստեղծում արտահոսքի համար, որովհետեւ մարդիկ պետք է հասկանան ի՞նչ են ուզում, ո՞ւր են գնում, որ մարդիկ հասկանան իրենց հետ գնո՞ւմ են, թե` չեն գնում, որովհետեւ եթե դու ոչինչ չես ասում, մարդիկ 1, 2, 3 մնում են, հետո սկսում են կամաց-կամաց պարապությունից դուրս գալ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից: «Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, եւ ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում», - ասել էր Շահնազարյանը` հրաժարվելով խոսել պատճառների մասին:
«Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչեւ ընտրություններ Հայաստանում կար երկբեւեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բեւեռի փոփոխություն, եւ այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային եւ բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու: Երկրորդ՝ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետեւ շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»,- նշել էր Շահնազարյանը:



























