Լոռիի մարզի Մեծավան համայնքն ունի 7300 բնակիչ, գյուղում զբաղվում են թե’ հողագործությամբ, թե’ անասնապահությամբ: Գյուղապետի փոխանցմամբ, կաթի իրացման հետ կապված խնդիրներ չեն առաջանում, քանի որ ինչպես գյուղում, այնպես էլ Տաշիր քաղաքում կաթնամթերքի գործարաններ կան: Խնդիրը միայն կաթի մթերվող գնի հետ է կապված. «1 լիտր կաթը 100 դրամով են մթերում, դա է այսօրվա խնդիրը»: Ցուրտ եղանակային պայմաններ ունեցող համայնքում գարունը ուշ է բացվում, աշունն էլ` շուտ, ինչը որոշակի խնդիրներ է ստեղծում համայնքի հողագործության համար: Խոսելով խնդիրներից, գյուղապետն առանձնացրեց ճանապարհների ու սելավատարերի բացակայությունը: Հողի հարկի հավաքագրումը համայնքում եւս բավարար է, շուրջ 85 տոկոս: Մշտական արտագաղթողներ գյուղից եւս չկան, վստահեցրեց գյուղապետն ու հավելեց, որ գյուղից հեռանալը կրում է սեզոնային բնույթ. «Գնում են դուրս, աշխատում ու էլի հետ են գալիս»:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի


























