«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան Արման Վեզիրյանը մեկնաբանել է, թե ինչու ոստիկանությունում բողոք չի ներկայացրել Ռուբեն Հայրապետյանի դեմ:
«Լրագիր.am»-ի փոխանցմամբ, Վեզիրյանն ասել է, որ քրեական գործ կարող էր հարուցվել 118 հոդվածով՝ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու համար: Իսկ այդ արարքը ենթադրում է առավելագույնը 100 հազար դրամի չափով տուգանք:
Վեզիրյանի խոսքով, հաշվի առնելով այս փաստը, ինչպես նաեւ այն, որ Ռուբեն Հայրապետյանն իրենից ներողություն է խնդրել կատարվածի համար, նպատակահարմար է գտել բողոք չներկայացնելը:
Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանի մոտ Ռուբեն Հայրապետյանը հարվածել էր Վեզիրյանին, երբ նա հավաքների ազատության դիտարկում էր իրականացնում:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ սպա Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության արարողությունն ուղեկցվել է ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից ուժի գործադրմամբ:



























