Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) հուլիսի 10-ին մեկնարկել է «ՙՄեքենաշինական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացման տեխնիկա-2012» միջազգային գիտատեխնիկական գիտաժողովը, որի ընթացքում քննարկվել են մեքենաշինության ոլորտի ապագան եւ խնդիրները:: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնից: Գիտաժողովին մասնակցել են ճարտարագիտական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, Արցախի գիտական կենտրոնի, Արցախի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի գիտնական-մեքենաշինարարները, արտերկրից` ավելի քան երկու տասնյակ գիտնականներ եւ ռեկտորներ, մասնավորապես, Մագդեբուրգի Օտտո-Վոն-Գերիկեի համալսարանից (Գերմանիա), Սիլեսիան տեխնոլոգիական համալսարանից (Լեհաստան), Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի առաջատար տեխնիկական բուհերից, ինչպես նաեւ` Բելառուսի ազգային եւ Թբիլիսիի պետական տեխնիկական համալսարաններից, Ուզբեկստանի ԳԱ մեխանիկայի ինստիտուտից:

Առաջին լիագումար նիստին ներկա ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ անցկացման վայրը պատահական չի ընտրված, քանի որ հայաստանյան տեխնիկական կրթության սկզբնաղբյուրը ճարտարագիտական համալսարանն է, որն իր գոյության 80 տարիների ընթացքում երկրին տվել է ճարտարագետների եւ ստեղծագործող մասնագետների 115 հազարի սահմանը հատող հզոր բանակ: Ռեկտորը, մաղթելով զեկուցողներին արդյունավետ աշխատանք, հույս է հայտնել, որ նման ներկայանալի կազմով գիտաժողովը կանցնի գիտական ստեղծագործական միջավայրում, որը հիմք կդառնա Հայաստանում մեքենաշինության եւ տեխնոլոգիաների զարգացման համար:

«Մեքենաշինությունը միայն հաստոցաշինություն չի: Ոչ բոլորն են պատկերացնում, որ տեխնիկայի հիմնաքարը մեքենաշինությունն է: Մեր նպատակն է այսպիսի գիտաժողովների, նորանոր ծրագրերի, համատեղ գիտական նախագծերի միջոցով Հայաստանին բերել մեքենաշինության ոլորտի այն երբեմնի փառքը, որն ունեցել ենք Խորհրդային Միության տարիներին»,- ասել է  գիտաժողովի նախաձեռնող, ՀՊՃՀ Մեքենաշինական ֆակուլտետի պրոֆեսոր, տ.գ.դ., Մեքենաշինարարների միջազգային միության հայաստանյան ներկայացուցիչ Ստեփան Խրիստաֆորյանը:

Արդեն իսկ հրատարակվել է գիտաժողովի նյութերի հավաքածու 280 էջ ընդհանուր ծավալով, որում ընդգրկված է 83 հեղինակի 43 հոդված, որոնց թվում` 31 գիտության դոկտորներ եւ 40 գիտության թեկնածուներ: Գիտաժողովի աշխատանքները առաջիկա օրերին կշարունակվեն, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն մեքենաշինության եւ մեքենագիտության բնագավառում առաջատար բուհերի եւ կազմակերպությունների փորձը: