Այսօր` հուլիսի 10-ին «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել վրաց անվանի կինոռեժիսոր Էլդար Շենգելայայի մամլո ասուլիսը:
«Հին բարի վրացական կինո». այս արտահայտությունը հավերժ կապված է Ռեզո Ճխեիձեի, Իրակլի Կվիրիկաձեի եւ, իհարկե, Էլդար Շենգելայայի անունների հետ: «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնը պատիվ ունի հյուրընկալել Էլդար Շենգելայային Երեւանում եւ փառատոնի Հետահայաց ցուցադրություններրի` «Ռետրոսպեկտիվ» ծրագրի շրջանակներում ներկայացնել նրա լավագույն ֆիլմերը: Մասնավորապես, կցուցադրվեն նրա «Արտասովոր ցուցահանդես» (1968թ.), «Խելառները» (1973թ.), «Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն» (1983թ.), «Սամանիշվիլու խորթ մայրը» (1977թ.) ֆիլմերը:
«Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնը Էլդար Շենգելայային շնորհել է «Փարաջանովյան թալեր» մրցանակը համաշխարհային կինոյում վաստակի համար, ինչը այս դեպքում կարելի է դիտարկել ոչ միայն որպես ռեժիսորական ավանդի մեծարում, այլեւ որպես հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ու մասնավորապես` Փարաջանովի կենսագրության մեջ Շենգելայայի ունեցած ներդրման գնահատանք:
Շենգելայան ծնվել է հայտնի արվեստագետների ընտանիքում: Հայրը` Նիկոլայ Շենգելայան, վրաց կինոյի առաջին վարպետներից էր: Մայրը նշանավոր դերասանուհի Նատո Վաչնաձեն էր, ով, ի դեպ, իր առաջին կինոդերերից մեկը կատարել է Համո Բեկնազարյանի «Անարգանքի սյան մոտ» (1923թ.) ժապավենում: Եղբայրը` Գեորգի Շենգելայան, նույնքան տաղանդաշատ կինոգործիչ է: Շատ արագ կարողանալով ցուցադրել իր ռեժիսորական տաղանդը եւ արդեն իսկ «Սպիտակ քարավան» ֆիլմով (1964թ., համառեժիսոր` Տամազ Մելիավա) առաջադրվելով Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Ոսկե արմավենուն», այնուամենայնիվ, իր ամենաուժեղ ու ծանրակշիռ ստեղծագործությունները` «Արտասովոր ցուցահանդես» (1968թ.), «Սամանիշվիլիի խորթ մայրը» (1979թ.), «Երկնագույն սարեր կամ Անհավատալի պատմություն» (1984թ.) Շենգելայան նկարահանեց հետագայում: Գեղարվեստական նուրբ շտրիխներով եւ յուրահատուկ կենսական իմաստությամբ նրա ֆիլմերը ոչ թե ծաղրում են, այլ կարծես հայելու առաջ են կանգնեցնում ոչ միայն խորհրդային իրականության մարդկանց, այլեւ ողջ մարդկությանը: Ֆիլմերը որքան էլ ծիծաղելի են եւ զվարճալի, այդքան էլ լուրջ են եւ որոշ տեսարաններում նույնիսկ թախծոտ: Դրանք ամենայն նրբանկատությամբ պատկերում են մեր ամենօրյա կյանքը, առօրեական այնպիսի դրվագներ, որոնք մենք անուշադրության ենք մատնում եւ, որոնց վրա մոռացել ենք ծիծաղել: Շենգելայան միշտ կարողանում է պահպանել հանդիսատեսի ժպիտը` ծիծաղելին գտնելով նույնիսկ ամենաողբերգականի մեջ, միեւնույն ժամանակ ամենածիծաղելիի մեջ գտնելով ողբերգականը:
Ինչպես եւ ծնողները` Էլդար Շենգելայան մտերիմ բարեկամական հարաբերությունների մեջ էր բազմաթիվ հայ արվեստագետների հետ: Մասնավորապես ուշագրավ է Սերգեյ Փարաջանովին բանտից ազատելու գործում նրա էական մասնակցությունը: Փարաջանովի Թբիլիսյան ձերբակալությունից հետո Շենգելայան մի խումբ ընկերների, այդ թվում Սոֆիկո Ճիաուրելիի հետ հանգիստ չէր թողում խորհրդային իշխանություններին` պահանջելով ազատ արձակել նրան եւ ի վերջո կարողացավ հասնել իրենց նպատակին: Դրանից հետո, երբ առաջ եկավ մյուս խնդիրը, այն, որ Փարաջանովին արգելել էին ֆիլմ նկարահանել, կրկին միջամտեց Շենգելայան: Եվ եթե չլիներ վերջինիս եւ նրա ընկերների գործունեությունը, գուցե Փարաջանովը երբեւէ չէր կարողանար ստեղծել «Սուրամի ամրոցի լեգենդն» ու «Աշուղ Ղարիբը»:



























