Այսօր` հուլիսի 10-ին Ստեփանակերտում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ժամանակ մի կին է վատացել, ով ժամեր անց մահացել է հիվանդանոցում:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Բակո Սահակյանն այսօր երեք հանդիպում է ունեցել: Առաջին հանդիպումը պետք է սկսվեր առավոտյան ժամը 11-ին, Ստեփանակերտի Երիտասարդության եւ մշակույթի պալատում:

«Ժամը 10:45-ի սահմաններում հանդիպման մասնակիցներից մեկը` մոտ 55 տարեկան կին, վատ է զգացել: Սովորաբար մեծ հանդիպումներին անպայման շտապօգնություն է լինում: Շտապօգնության բժիշկն ու բուժքույրն անմիջապես մոտեցել են եւ այդ կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Ինքն իր ոտքով է գնացել, թեեւ երեւում էր, որ վատ է զգում: Կինը մահացել է ժամեր անց` սրտի անբավարարությունից»,- նշեց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ մահացած կինն աշխատում էր քաղաքաշինության նախարարությունում:

Բաբայանը նաեւ ցավով նշեց, որ այդ դեպքը առիթ է դարձել որոշ շրջանակների համար նախագահական ընտրությունների նախօրեին շահարկումներ անելու: «Այդ դժբախտ պատահարը սկսել են շահարկել, ցավալի է, որ նման դեպքն են շահարկում, ցավալի է, որ Արցախում նման բան է լինում»,- ասաց նա: