Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կնոջ, Tetra Pak-ի ժառանգորդ Եվա Ռաուզինգի մարմինը շուրջ 4 օր մնացել է տան ննջարաններից մեկում:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Daily Mirror-ը, մահացածի ամուսինը` Հանս Քրիստիան Ռաուզինգը, ամենայն հավանականությամբ, ողջ այդ ընթացքում, գտնվել է տանը:

Սքոթլանդ Յարդը, նախկինի պես, հրաժարվում է պաշտոնապես հայտնել ձերբակալված տղամարդու անունը: հաղորդվում է միայն, որ Լոնդոնի հարավում ոստիկանական բաժանմունքից նա տեղափոխվել է բժշկական կենտրոններից մեկը, որտեղ նրան օգնություն են ցուցաբերում: 49-ամյա տղամարդու մոտ նյարդային խախտում է եղել: Նա դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կանանցից մեկին` Եվա Ռաուզինգին, մահացած են հայտնաբերել Լոնդոնի կենտրոնում գտնվող իր տանը: Նա «TetraPak» փաթեթավորման շնորհիվ միլիարդների կարողություն կուտակած ընտանիքի ներկայացուցիչն է:

48-ամյա կնոջ մահվան պատճառը  թմրանյութերի չափաքանակի գերազանցումն է եղել: Նշվում է, որ նա մահացել է երկուշաբթի, բայց այդ մասին հայտարարվել է միայն այսօր: Կնոջ դին հայտնաբերվել է Լոնդոնի հեղինակավոր Բելգրավյա թաղամասում նրա ընտանիքին պատկանող տանը:

Ոստիկանությունն այնտեղ ձերբակալել է նաեւ 49-ամյա տղամարդու, ով  իր հետ թմրանյութեր է ունեցել: Նրա անունը չի հաղորդվում:

Ամերիկուհի Եվա Ռաուզինգը 49-ամյա Հանս-Քրիստիան Ռաուզինգի` ընտանեկան հարուստ ժառանգորդի կինն էր:  Ռաուզինգները ծագումով շվեդ են, սակայն նրանց մի մասը բնակվում է Միացյալ Թագավորությունում: