ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին սուլել են Տեքսասի նահանգում Գունավոր բնակչության առաջընթացին նպաստող ազգային ասոցիացիայի համագումարում ելույթի ժամանակ: Հավաքվածները բացասաբար են ընդունել Սպիտակ Տան ներկա ղեկավար Բարաք Օբամայի նախաձեռնությունները քննադատող Ռոմնիի խոսքերը:
Նշվում է, որ հանդիպումն սկսվել է սովորականի պես: Vesti.ru-ն գրում է, որ Ռոմնիին բարյացկամորեն են դիմավորել, իսկ ելույթը մի քանի անգամ ընդհատել են ծափահարություններով: Սակայն լսարանի տրամադրությունը փոխվել է, երբ քաղաքական գործիչը սկսել է խոսել այն մասին, որ նոյեմբերին իր հաղթանակի դեպքում ինքը չեղյալ կհայտարարի առողջապահության ոլորտի վերակազմավորման Օբամայի պլանը:
«Ես պատրաստվում եմ վերջ տալ թանկարժեք, անիմաստ ծրագրերին: Խոսքը Օբամայի պլանի մասին է»,-հայտարարել է նա: Այս արտահայտությունից հետո նրան ընդհատել են առաջին անգամ: Դրանից հետո Ռոմնին ասել է, որ ներկա նախագահը չի կարողացել եւ չի կարողանա ավելացնել աշխատատեղերի քանակը, ինչը նույնպես ներկաների դժգոհությանն է արժանացել:
Բացի այդ, «Ռոսբալտը» նշում է, որ դիմելով համագումարի պատվիրակներին, նախագահի հանրապետական թեկնածուն հայտարարել է, որ եթե ինքն ընտրվի նախագահ, կկարողանա ավելի լավ օգնել էթնիկ եւ ռասայական փոքրամասնությունների ընտանիքներին, քան դա անում է Օբաման: Այս արտահայտությունը եւս դուր չի եկել աֆրոամերիկացիներին:



























