Երբ ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է, որ որդի է ունեցել, բոլորն սկսել են հետաքրքրվել, թե նա ինչ անուն կտա փոքրիկին: Վերջապես այդ գաղտնիքը բացվել է:
Կիրկորովը նախազգուշացրել է, որ այլեւս չի անկեղծանալու մամուլում իր նորածին որդու հետ կապված: Նա նույնիսկ թաքցրել է, թե ինչ անուն է մտածել որդու համար, միայն ակնարկել է, որ երեխայի անունը «Մ»-ով է սկսվում, քանի որ այն շատ մեծ նշանակություն ունի իր նախկին կնոջ` Ալլա Պուգաչեւայի համար:
Ըստ Կիրկորովի, այդ տառի հետ են կապված Պուգաչեւայի ամենաջերմ զգացմունքները. Նրա պապիկի անունը Միխայիլ է, թոռնիկի` Քրիստինա Օրբակայտեի որդու անունը Միկոլաս է, իսկ նրա ներկա ամուսնու անունը` Մաքսիմ:
«Ֆիլիպն ինձ ասաց, որ որդուն կկոչի Մարտին` սիրելի երգիչ եւ ընկեր Ռիկի Մարտինի պատվին: Երեխան երկու անուն կունենա Մարտին-Կրիստո, ինչպես նաեւ դստեր անունն է` Ալլա-Վիկտորյա»,- «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ասել է Կիրկորովի ընկերուհի, երգչուհի Անի Լորակը:
Ռիկի Մարտինն ու Կիրկորովը վաղուցվա ընկերներ են: Նախորդ տարի նրանք նույնիսկ միասին են հանդես եկել Սարդինիայում էլիտայի համար նախատեսված փակ համերգում:
Ֆիլիպի հայրը` Բեդրոս Կիրկորովը նույնպես որոշ մանրամասներ է հայտնել թոռան մասին: Նրա խոսքով, երեխան ծնվել է ԱՄՆ-ում: «Երեխան ունեցել է փոխնակ մայրը: Ֆիլիպը երեխային կվերցնի երկու ամսից, ոչ շուտ: Հիմա նա շրջագայությունների է Բուլղարիայում»,-ասել է Բեդրոս Կիրկորովը:
Ֆիլիպն իր հերթին խոստանում է պաշտոնապես հայտարարել, թե ինչպես է անվանակոչել որդուն:




























