Երեւան քաղաքի բնակիչ, երկրորդ խմբի հաշմանդամ, պատերազմի մասնակից Սերգեյ Ավանեսյանը  2009 թվականից ի վեր բազմիցս դիմել է Երեւանի քաղաքապետին` Երեւանում որեւէ վարչական շրջանի (հնարավորության դեպքում՝ Ավան վարչական շրջանի) տարածքում կրպակ տեղադրելու համար հողամաս տրամադրելու խնդրանքով: Երեւանի քաղաքապետարանն իր դիմումները մերժել է, թեեւ նույն բակում այլ անձանց կողմից տեղադրվել են կրպակներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց երկրորդ խմբի հաշմանդամ, պատերազմի մասնակից Սերգեյ Ավանեսյանը:

Խնդիրը հայտնվել է Մարդու իրավունքերի պաշտպան Կարեն Անդրեասյանի ուշադրության կենտրոնում: Պաշտպանի կողմից բարձրացված այն հարցին, թե ինչ իրավական հիմքերով է Երեւանի քաղաքապետարանը խտրական մոտեցում ցուցաբերել քաղաքացի Սերգեյ Ավանեսյանի նկատմամբ` նրան մերժելով, իսկ այլ անձանց տրամադրելով հողատարածք կրպակ տեղադրելու համար, Երեւանի քաղաքապետարանը պարզաբանել է, որ «պարզ չէ, թե դրանք ինչ կարգավիճակ ունեն, հետեւաբար չի հիմնավորվում միատեսակ փաստական հանգամանքներում անհավասար մոտեցում ցուցաբերելու փաստը»:

Մինչդեռ, ՄԻՊժի գրասենյակում նշում են, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված տեղեկատվությամբ հիմնավորվում է, որ տվյալ կրպակների համար հողատարածք տրամադրվել է Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումների հիման վրա: Հետեւաբար, Երեւանի քաղաքապետարանի կողմից 2009թ. եւ 2011թ. կառուցապատման նպատակով այլ անձանց հողամաս տրամադրելը, միաժամանակ դրա վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն չտրամադրելը, hանգեցրել է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտման: