Ռուսաստանցի բանաստեղծ եւ ռեժիսոր, ազգությամբ հայ Տատյանա Դանիլյանցը ցանկանում է ֆիլմ նկարել Հայաստանի մասին` երաժշտության միջոցով: «Ես կցանկանայի ֆիլմ նկարահանել Ֆորշի մասին, ցույց տալ Հայաստանը երաժշտության միջոցով»,-այսօր` հուլիսի 13-ին, Երեւանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Դանիլյանցը, հավելելով, որ Հայաստանը ստեղծագործական առումով խոստովանել է իրեն ավելի շուտ, քան Ռուսաստանն ու Իտալիան, որին ռեժիսորը նվիրել է իր կյանքի կեսը:

«Վենետիկ. նավարկության մեջ» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմը պատմում է նրանց մասին, ովքեր Վենետիկին կյանք են տալիս միակ տրանսպորտային տարերքի` ջրի միջոցով: Հեղինակի խոսքով, դա ֆիլմ է մարդկային հասարակության մասին, թե ինչպես են մարդիկ փոխգործակցում: «Սա ֆիլմ է սիրո մասին»,-ընդգծել է Դանիլյանցը, խոստովանելով, որ Վենետիկն իր հին սերն է:

«Ես ինձ համարում եմ Վենետիկի սպասուհի»,-ասել է ռեժիսորը, հավելելով, որ «Այգին, որը փակ է» եւ «Վենետիկ. նավարկության մեջ» ֆիլմերը իր տուրքն են Վենետիկին եւ վետեիկցիներին:

Նշենք, որ Տատյանա Դանիլյանցը երկու անգամ արժանացել է Nosside բանաստեղծական մրցանակի` հիմնադրված Իտալիայում` «Bossia» կենտրոնի կողմից: