«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, հուլիսի 14-ին, ժամը 12-ին, կազմակերպում է ցույց Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանի (ք. Արտաշատ) առջեւ` Մարիամ Գեւորգյանի գործով հերթական դատավարության առնչությամբ:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը հարսին խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գեւորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի եւ կտտանքների են ենթարկել: Երեւան վերադառնալուց հետո Գեւորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչեւ 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) եւ 119 (խոշտանգում) հոդվածներով: