Մշակույթի նախարարությունում «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրեր Վադիմ Աբդռաշիտովը, Էլդար Շենգելայան եւ Յանուշ Գազդան, այսօր` հուլիսի 13-ին, արժանացել են Հայաստանի մշակույթի նախարարության «Ոսկե մեդալների»: Մեդալները հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Վադիմ Աբդռաշիտովին շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ Միջազգային կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Նշենք, որ Աբդռաշիտովի «Պարողի ժամանակը» լիամետրաժ խաղարկայինն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան»-ի Երեւանյան պրեմիերաներ ծրագրում: Աբդռաշիտովը ռուսական կինոյի ամենից անկախ ռեժիսորներից է, միջազգային ճանաչման է հասել Բեռլինի (Ալֆրեդ Բաուերի մրցանակ` «Սպասավորը», 1989, «Արծաթե արջ»` «Պիես ուղեւորի համար» ֆիլմերին, 1995) եւ Վենետիկի (Ոսկե մեդալ` «Պլյումբում կամ վտանգավոր խաղ» ֆիլմին, 1987) ՄԿՓ-երի մրցանակների շնորհիվ:
Վրաց հռչակավոր կինոռեժիսոր Էլդար Շենգելայային շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ Կինոարվեստի ասպարեզում հայ-վրացական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի Շենգելայային շնորհել է «Փարաջանովյան թալեր» մրցանակ համաշխարհային կինոյում վաստակի համար, իսկ նրա լավագույն ֆիլմերը ներկայացված են փառատոնի «Ռետրոսպեկտիվ» ծրագրի շրջանականերում:
Լեհ անվանի կինոքննադատ, գրող Յանուշ Գազդային շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ Կինոարվեստի ասպարեզում հայ-լեհական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Նշենք, որ Գազդան այս տարի փառատոնի Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի անդամ է: Յանուշ Գազդան 1964-ին հիմնել եւ տասը տարի ղեկավարել է կինոմիության Kultura filmowa (Կինոմշակույթ), հետագայում` Film na swiecie (Համաշխարհային կինո) հանդեսը: Եղել է Ekran շաբաթահանդեսի համախմբագիրը (1965-73) եւ Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի հրատարակած Kwartalnik filmowy (Կինոեռամսյակ) հանդեսի գլխավոր խմբագիրը (1989-97): Բազմաթիվ հոդվածներ է գրել Սերգեյ Փարաջանովի կյանքի եւ ֆիլմերի մասին:



























