Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ. Դաֆինա Գեռչեւան եւ արգենտինահայ ճանաչված գործարար  Էդուարդո Էրնեկյանը այսօր` հուլիսի 13-ին, համաձայնագիր են ստորագրել «Հայկական գյուղի վերածնունդ. զբաղվածության ապահովում եւ եկամուտների ստեղծում» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի մի շարք համայնքների զարգացմանն աջակցելու նպատակով: 

Բաղրամյան, Արեւադաշտ, Արտամետ եւ Մյասնիկյան գյուղական համայնքների գյուղատնտեսական արտադրողականության ցածր եւ աղքատության բարձր մակարդակների պատճառներն են ոռոգման եւ ջրամատակարարման ցանցերի վատ վիճակը, ինչպես նաեւ գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների բացակայությունը: «Հայկական գյուղի վերածնունդ. զբաղվածության ապահովում եւ եկամուտների ստեղծում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նշված համայնքների 2012-2014թթ. զարգացման ծրագրերի մասնակցային (համայնքների բնակչության ակտիվ մասնակցությամբ) մշակման միջոցով բացահայտել համայնքների առաջնահերթ հիմնախնդիրները եւ տալ դրանց լուծման արդյունավետ ուղիները:

Այսօր Դաֆինա Գեռչեւան եւ Էդուարդո Էրնեկյանն այցելել են Արտամետ համայնք, որտեղ ՄԱԶԾ-ն արդեն նախաձեռնել է ծրագրի առաջին փուլը` համայնքային զարգացման ծրագրերի մշակման գործընթացը: Արդեն իսկ պատրաստ է Արտամետ համայնքի 2012-2014թթ. զարգացման ծրագրի նախնական տարբերակը, ըստ որի համայնքային առաջնահերթ հիմնախնդիրներ են համարվել խմելու ջրամատակարարման անբավարար մակարդակը, տնամերձ հողամասեր ոռոգման ջրի հասանելիության ցածր մակարդակը, եւ գյուղատնտեսական գործունեության արդյունավետության ցածր մակարդակը: Առաջնահերթ հիմնախնդիրների լուծման համար, համայնքի զարգացման ծրագրի շրջանակներում, առաջարկվել են հետեւյալ ծրագրերի իրականացումը` Արտամետ համայնքի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում, խորքային հորի հիմնանորոգում, եւ ջերմատների կառուցում:

Նշենք, որ ծրագրի ընդհանուր արժեքն  է  230.000 ԱՄՆ դոլար, որից  204.000 ԱՄՆ դոլարը կհատկացվի «Ֆրութֆուլ Արմենիա»-ի, իսկ 26.000 ԱՄՆ դոլարը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից: