Հայաստանի ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանն, այսօր` հուլիսի 13-ին, հանդիպել է ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» վարժանքի` արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության անդամներին:
«Ջորջիա 2012» խոշոր դաշտային վարժանքը տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերի 22-28-ը` Վրաստանում:
Վարժանքին մասնակցում են Աղետների արձագանքման եվրոատլանտյան համակարգող կենտրոնը, ՆԱՏՕ-ի ռազմական պատվիրակներ, ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաեւ 30 երկրից ժամանած տարբեր փրկարարական թիմեր:
Նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Վարժանքին Հայաստանը ներկայացնող ՀՀ ԱԻՆ պատվիրակության կազմում ընդգրկված են երկու որոնողափրկարարական, մեկական հրդեհաշիջման ու ջրափրկարարական թիմեր, քիմիական, կենսաբանական, ճառագայթային մոնիթորինգի մեկ թիմ: Բոլոր թիմերն ապահովված են համապատասխան հանդերձանքով ու ավտոմեքենաներով: Բացի դրանից` ԱԻ նախարարությունից ներկայացուցիչներ կան նաեւ վարժանքի ղեկավարման, գնահատման եւ տեղեկատվության ապահովման թիմերում:
Վարժանքի մասնակիցների հետ հանդիպմանը ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ մենք «Ջորջիա 2012» դաշտային վարժանքին պետք է լավագույնս ներկայացնենք ՀՀ արտակարգ իրավիճակների կառավարման համակարգը` ապահովելով մասնակցության բարձր մակարդակ եւ արդյունավետություն:
«Ջորջիա 2012» դաշտային վարժանքի հիմնական նպատակներն են.
•հզորացնել միջազգային աջակցության ստացման եւ միջազգային փրկարարական թիմերի մասնակցությամբ հետեւանքների կառավարման գործողությունների արդյունավետ կազմակերպման եւ համակարգման Վրաստանի կարողությունները.
•նպաստել հարեւան երկրների սահմանամերձ համագործակցությանը.
•զարգացնել միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցությունն ու աշխատանքի համակարգումը:
Վարժանքի սցենարի համաձայն` Վրաստանի կենտրոնական մասում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Քվեմո Քարթլի շրջանում` Թբիլիսիից 35 կմ հարավ: Ըստ մտահղացման` կան բազմաթիվ զոհեր, տուժածներ, մեծ ավերածություններ եւ Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը:



























