Yahoo!-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Մարիսա Մայերը, որը մինչեւ վերջերս ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում Google-ում: Նա հուլիսի 17-ից ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Yahoo!-ի գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր էր մնում 2012թ. մայիսի 13-ից` Սքոթ Թոմփսոնի հեռանալուց հետո, երբ ընկերության բաժնետերերը հայտնաբերել էին, որ Թոմփսոնը համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում գիտական կոչում չունի:
Թոմփսոնի հրաժարականից հետո Yahoo!-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել Fox Interactive Media-ի նախկին նախագահ Ռոսս Լեւինսոնը, եւ նախապես ենթադրվում էր, որ նա կհաստատվի այդ պաշտոնում:
Ինչպես նշվում է, 37-ամյա Մարիսա Մայերը Google-ի առաջին աշխատակիցներից էր, նա ընկերությունում սկսել է աշխատել 1999թ.-ից` Սթենդֆորդի համալսարանն ավարտելուց հետո: Վերջին մի քանի տարիներին գլխավորել է Google-ի քարտեզագրական ծառայությունների բաժինը:




























