CNN-ի ղեկավար Ջիմ Ուոլթոնը որոշել է լքել պաշտոնը: Նա կհեռանա տարեվերջին` արժանի փոխարինող գտնելուց հետո: Այդ մասին հայտնում է հեռուստաընկերության կայքը:
Նման որոշման պատճառը հեռուստաընկերության ցածր վարկանիշն է: Ուոլթոնի կարծիքով` հեռուստաընկերությանը նոր ղեկավար է անհրաժեշտ` այլ փորձով, աշխատաոճով, մարտավարությամբ եւ հեռանկարներով: Նա միաժամանակ պատրաստակամություն է հայտնել աշխատել նման մարդու ղեկավարությամբ` ընդգծելով, որ պատրաստ է նոր բան սովորել, հաղորդում է KM.RU-ն:
CNN հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1980թ.: Այժմ այն պատկանում է Time Warner-ին: Ընկերությունն աշխարհում առաջին անգամ լուրերի 24-ժամյա հեռարձակման կոնցեպցիա է առաջարկել: Նրա ռեպորտաժները հեռարձակվում են տիեզերական 38 արբանյակների ազդանշանների միջոցով, այն հասանելի է 212 երկրներում: Ներկայումս CNN-ը վարկանիշով զիջում է Fox News Channel-ին եւ MSNBC-ին:
Ջիմ Ուոլթոնը CNN-ում աշխատել է շուրջ 30 տարի, որից 10 տարին` որպես ղեկավար:




























