Յասիր Արաֆաթի այրի Սոհան Ֆրանսիայում դատարան հայց է ներկայացրել  ամուսնու մահվան հանգամանքները պարզելու համար: Ինչպես հաղորդել է հայտնի փաստաբան Պիեռ Օլիվյե Սյուրը, հայցադիմումը կփոխանցվի Նանթերի  (Փարիզի արվարձան) գերագույն ատյանի դատարան`Յասիր Արաֆաթի կին Սոհայի եւ դստեր`Զահվայի անունից:

Փաստաբանի խոսքով դա քաղաքացիական հայց է սպանության մեջ մեղադրվողի դեմ: «Հայտնի չէ, թե ամբաստանյալի դերում ով է հանդես գալիս, քանի որ  կինն ու դուստրը ոչ ոքի չեն մեղադրում Արաֆաթի մահվան մեջ. ոչ որեւէ պետության, ոչ որեւէ խմբավորման, ոչ էլ անհատի», - հստակեցրել է Սյուրը: Նրա խոսքով` նման գործընթացը կօգնի լույս սփռել պաղեստինցի առաջնորդի մահվան հանգամանքներին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Յասիր Արաֆաթը վախճանվել է 2004 թվականի նոյեմբերի 11-ին` Փարիզի մոտ գտնվող Պերսիի ռազմական հիվանդանոցում, 75 տարեկան հասակում: Հոկտեմբերի 29-ին նա ծանր վիճակում տեղափոխվել էր այնտեղ Ռամալի իր առանձնատնից, որը գտնվում է Հորդանան գետի Արեւմտյան ափին: Նոյեմբերի 3-ին նա կոմայի մեջ էր ընկել եւ 8 օր անց մահացել: Նրա մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են: Ըստ ֆրանսիացի բժիշկների պաշտոնական վարկածի` Արաֆաթը վախճանվել է կաթվածի հետեւանքով: 

Մերձավոր Արեւելքում ի հայտ էր եկել թունավորման վարկածը: Հուլիսի սկզբին Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ էր ցուցադրել` նվիրված Արաֆաթի մահվան պատճառներին: Այնտեղ մեջբերվել է շվեյցարական ռադիացիայի ինստիտուտի տնօրեն Ֆրանսուա Բոշուդի խոսքերը, որը հայտարարել է, որ հանգուցյալի իրերին պոլոնիայի հետքեր են հայտնաբերվել: Պարզելու համար, թե եղել է արդյոք թունավորում, պահանջվում է Արաֆաթի մարմնի արտաշիրմում: