Այսօր` օգոստոսի 1-ին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարահատվածի` դեպի հարավ գնացող ուղղությանը վերաբերող հարցեր:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Գագիկ Բեգլարյանը առաջնային է համարել ճանապարհների որակի եւ անվտանգության պահպանումը, ինչպես նաեւ կարեւորել առանցքային մեծ բեռնվածք ունեցող ավտոմոբիլների կողմից ճանապարհներին հասցվող վնասների փոխհատուցման օրենսդրական կարգավորումը: Նա հանձարարել է ներկայացնել առաջարկությունների փաթեթ, որոնք կնպաստեն ճանապարհներին ծանր մեքենաների քաշն արգելող օրենքում փոփոխություններ կատարելուն:

Նախարարը հանձնարարել է կարճ ժամանակում մշակել ճանապարհաշինության ոլորտին վերաբերող ընդհանուր քաղաքականության մեխանիզմներ եւ դրանց մեջ ներառել ճանապարհների որակը խաթարող յուրաքանչյուր տարր,ինչը հնարավորություն կտա միջազգային կառույցների հետ աշխատելիս ունենալ հստակ մոտեցումներ եւ ռազմավարություն: Ճանապարհային նախագծման եւ կառավարման ժամանակ Գագիկ Բեգլարյանը նշել է,որ պետք է գերակայող դարձնել ճանապարհից օգտվողների պահանջների բավարարումը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ ճանապարհների նախագծման, շինարարության, հեռանկարային զարգացման հարցեր: