Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն արձագանքել է «Աբրահամյանը գողացել է խմելու ջրագիծն ու ոռոգման ցանցը» հոդվածին` արձանագրելով, որ Գետք գյուղի գյուղապետի հայտարարությունն անընդունելի է:

«Հանրապետությունում ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններում գտնվող եւ օգտագործման համար ոչ պիտանի գույքի առավել արդյունավետ կառավարման, տնտեսության մեջ կամ համակարգի այլ կազմակերպություններում նշված գույքի առավել արդյունավետ ներդրման եւ կազմակերպությունների կառավարման, ինքնահոս համակարգերի անցման, ինչպես նաեւ գույքային համակարգի հետագա պահպանման եւ օգտագործման նկատառումներով ջրային տնտեսության ոլորտում իրականացվում են գույքային տեղաշարժեր եւ օտարումներ:

Ընդ որում, դեռեւս ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 1952-Ն որոշման 3-րդ կետով թույլատրվել է ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել կամ օտարել ընկերությունների կողմից օգտագործման համար ոչ պիտանի գույքը։ Տվյալ համատեքստում որեւէ համայնքում գտնվող որեւէ գույքի հետագա ճակատագրի որոշումը պայմանավորված է այդ գույքերի առավել արդյունավետ օգտագործմամբ եւ տնտեսության մեջ առավել արդյունավետ ներդրմամբ: Նման պարագայում առնվազն անընդունելի են եւ կոռեկտ չեն ՀՀ Շիրակի մարզի Գետքի համայնքի ղեկավարի հայտարարությունները:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Շիրակի մարզի Գետք համայնքի խմելու ջրամատակարարումն իրականացվում է «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից եւ համայնքն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ոռոգման ջրամատակարարման հիմնական մասն իրականացվում է «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության կողմից, որոշ մասը համայնքի բնակիչներն անմիջապես ոռոգում են իրականացնում Ջաջուռ գետից, իսկ որոշ մասի հողատարածքների ոռոգման ջրամատակարարման իրականացման նպատակով, հիմք ընդունելով ՀՀ Շիրակի մարզի Գետքի համայնքի ղեկավարի խնդրանքը` ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գետքի գյուղական համայնքին գույք նվիրաբերելու մասին» N 744-Ա որոշմամբ Անի N 1 պոմպակայանը` 1013.36 քառ. մետր մակերեսով, նվիրաբերվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գետքի գյուղական համայնքին՝ առկա ոռոգման խնդիրների լուծման նպատակով:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն միշտ էլ կարեւորել է հանրապետության համայնքների ջրամատակարարման հարցերը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը նպատակաուղղված են եղել կայուն եւ հուսալի ջրամատակարարման ապահովմանը»: