Հունիսի 17-ին հարսնաքարում դաժան ծեծի արդյունքում մահացած բժիշկ Վահե Ավետյանի գործով իրավահաջորդի փաստաբանների պահանջները փոխվել են եւ նրանք հիմա պահանջում են, որ իրենց տրամադրեն գործի ամբողջ նյութերը: Այս մասին այսօր` օգոստոսի-ին լրագրողների հետ զրույցում նշեց Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբան Լուսինեն Հակոբյանը: (ֆոտոռեպորտաժ)

Վերջինս միացել էր  քաղաքացիական ակտիվիստներին, որոնք ոստիկանության քննչական գլխավոր վարչության մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:  Լուսինե Հակոբյանը  նաեւ ասաց, որ մինչ այդ պահանջված փաստաթղթերին ծանոթանալու   ծանուցագիրը իրենց  եկել է այսօր, որտեղ նշված է, որ իրենց օգոստոսի 1-ին  ժամը 17.00-ին հրավիրել են փաստաթղթերին ծանոթանալու: Միաժամանակ նկատեց, որ  հիմա իրենց պահանջները փոխվել են եւ պահանջում են, որ իրենց տրամադրվեն գործի ամբողջ նյութերը: Լրագրողի հարցին, թե մինչեւ նախաքննության ավարտը իրավունք ունեն ամբողջ փաստաթղթերը տրամադրել, փաստաբանն ասաց, որ իրավունք ունեն, պարզապես կարող են ցանկություն չունենալ եւ վկայակոչել նախաքննության գաղտնիությունը:

Քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնի պետ Արսեն Այվազյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով փաստաբանների պնդմանը, թե  իրենց չի ներկայացվում համապատասխան նյութեր նշեց, որ դա ապատեղեկատվություն է. «Մենք ոստիկանության մեր կայքում ներկայացրել ենք համապատասխան հրապարկումը: Իսկ երեկ հրավիրել ենք 17.00-ին, որ ծանոթանան համապատասխան փաստաթղթերին, սակայն նրանք չներկայացան: 17.44-ին եւ 18.05-ին  մենք զանգահարել ենք փաստաբաններին խնդրելով ներկայանալ, սակայն մինչ այս պահը չեն ներկայացել»:

Վերջինս անդրադարձավ նաեւ բողոքի ակցիայի այն կասկածներին, թե մեղադրանքի վերաորակմամբ գործը կոծկվում է եւ արձագանքեց. «Մենք ցանկացած դեպքում վերաորակման համար հիմք ենք ընդունում արարքների համակցումը: Եթե մենք նախկինում ունեինք մեկ հոդվածի որակում եւ նրանց մեղադրանք էր առաջադրված մեկ հոդվածով, ապա մենք այսօր արդեն ունենք 3 հոդվածով առաջադրված մեղադրանք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ոստիկանությունը վերաորակավորել եւ խստացրել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում զինվորական բժիշկներին ծեծի ենթարկելու գործով կալանավորված անձանց առաջադրված մեղադրանքները: Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք է առաջադրել: Նախկինում կալանավորված անձանց մեղադրում էին միայն Քր.օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: