Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` օգոստոսի 2-ին շարունակվել է ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժանորեն ծեծի ենթարկված Մարիամ Գեւորգյանի դատական նիստը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանից: Ինչպես նաեւ տեղեկացանք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 9-ին: Հիշեցենք, որ նիստը անցկացվում է դռնփակ, սակայն դատարանն այս պահին արդեն անցել է գործով ապացույցների հետազոտմանը:
Դատական նիստին զուգահեռ դատարանի բակում բողոքի ակցիա է անցկացվել, թե տուժողի, թե մեղադրյալի հարազատների կողմից: Տուժողի հարազատները բարձրաձայնել են, թե ի՞նչ բռնությունների է ենթարկվել Մարիամը, իսկ մեղադրվողները պաշտպանվել, թե իրենց «գլխին սարքում են»:
Հիշեցնենք, որ Հայկանուշ Միքայելյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2 մասի 5-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավարությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել) եւ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առանձին դաժանությամբ խոշտանգում): Իսկ Դավիթ Զիրոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել) եւ 118-րդ հոդվածի (ծեծ), սակայն 18.09.2011 թվականին համաներմամբ ազատ է արձակվել: Իսկ Հայկանուշի մասով գործն ուղարկվել է դատարան: Վերջինիս մեղադրանքը մեղմացվել է նաեւ պայմանավորված այն փաստով, որ իր եւ ամուսնու կողմից ծեծի ենթարկված 1-ին հարսը ցուցմունքի մի մասը հետ է վերցրել: Մարիամ Գեւորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը նշել էր, որ եթե ներկա հոդվածով սկեսուրին կհասնի 3-5 տարվա ազատազրկում, ապա եթե ցուցմունքը չփոխվեր, պատիժը կլիներ 7-8 տարվա ազատազրկման տեսքով: Նա նաեւ պատմել էր, որ սկեսուրը Դավիթ Զիրոյանի հետ միասին 2005-ի դեկտեմբերից մինչեւ 2010-ի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կանանց Մելինե Բայաթյանի եւ Մարիամ Գեւորգյանին ենթարկել է ծեծի, խոշտանգումների, բռնությունների` վերջիններիս պատճառելով մարմնական եւ հոգեկան տառապանքներ: Փաստաբանը մանրամասնել էր նաեւ, թե ինչ անդառնալի վնասներ է հասցրել Մարիամ Գեւորգյանին: «Ամբաստանյալի կողմից իր որդու հետ միասին տարբեր առարկաներով մասնավորապես կենցաղային օգտագործման առարկաներով գդալով, շերեփով, դանակով, մկրատով, աթոռով հարվածել են տուժողների մարմնի տարբեր մասերին` դեմքին, պարանոցին, կրծքերին, ներքին օրգաններին: Այրել են Մարիամ Գեւորգյանի կրծքերը: Արդուկով վառել են մարմնի տարբեր մասերը, նաեւ ձեռքը եւ մեջքի երկու հատվածը եւ մինչ օրս կա հետքերը: Ստիպել են աղ, օճառ կուլ տալ, մերկ վիճակում մեկ ոտքի վրա կանգնեցրել են սառը սենյակում բաց պատուհանի տակ»,-պատմել էր փաստաբանը:


























