«Սինջար եզդիների ազգային միավորում»  հկ խորհուրդը Ազիզ Թամոյանին կոչ է արել չվիրավորել եզդի աղջիկներին:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Վերջին օրերի  եզդիների ինքնահռչակ «առաջնորդ» Ազիզ Թամոյանի հայտարարությունները ստիպում են մտածել, որ տվյալ անձնավորությունը կամ հոգեկան հիվանդ է, կամ էլ բարոյազուրկ մարդ: Ինչպես կարելի է տասնութ տարեկան աղջկան իր տարիքի համար վատ աչքով նայել:

Մենք հորդորում ենք, որ Ազիզ Թամոյանը իր ընտանիքում հաստատված ավանդույթով չվիրավորել բազմաթիվ եզդի աղջիկների: Դա մեզ համար անթույլատրելի է: Ազիզ Թամոյանը ուղղակի ոչնչություն է եզդի համայնքում, ով գործիք է ինչ որ ուժերի ձեռքին եւ հակաազգային գործունեություն է ծավալել: Նպաստել որպեսզի եզդի աղջիկների մի մասը անկիրթ մնա, անգամ դպրոցը չավարտելով ամուսնանա` սա միանշանակ մեր կողմից կդիտարկվի որպես ազգային խտրականություն: Կառավարությունը չի կարող խախտել եզդի աղջիկների կրթության իրավունքը:

Հավաստիացնելով, որ եզդի համայնքի գոնե մեծամասնության մոտ այդ քարեդարյան ավանդույթը այլեւս չի գործում, ՀՀ Կառավարությանը կոչ ենք անում ոչ մի փոփոխություն չկատարել այդ օրենքում: Իսկ եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը մտահոգված է եզդիների խնդիրներով, ապա կխնդրենք անդրադառնալ այն խնդիրներին, որոնք իրականում մեծ նշանակություն ունեն եզդի համայնքի համար: Իսկ այդպիսի խնդիրները շատ են:

Պարոն Վարչապետ գնացեք եւ տեսեք ինչ վիճակում են եզդիական գյուղերը, տեսեք թե ինչ մակարդակի կրթություն են ստանում եզդի երեխաները եզդիական գյուղերում: Եվ եթե դուք Ազիզ Թամոյանի նման անձնավորության կարծիքը համարում եք եզդի ազգի կարծիքը, ապա մենք կհամոզվենք, որ եզդի երիտասարդների եւ առաջին հերթին աղջիկների անկիրթ լինելը ձեռնտու է հենց Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ սա պետական քաղաքականություն է»: