Այսօր` օգոստոսի 10-ին Վայոց ձոր կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մարզպետ Էդգար Ղազարյանի եւ մարզի մյուս ղեկավարների հետ քննարկել է մարզի առողջապահության համակարգի կառուցվածքը, մասնագիտական ծառայությունների բաշխվածության, կադրերով եւ սարքավորումներով հագեցվածության վիճակը եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման հնարավորությունները:

«Մարզի բուժհաստատությունների ներկա վիճակը` թե շենքային հարմարություններով ու հագեցվածությամբ, թե կառավարման տեսակետից,  այսօր չեն կարող բավարարել: Մեր առջեւ խնդիր է ծառացել ստեղծել այնպիսի կառույց, որ ողջ մարզի համար համաչափ աշխատի»,-ասել է  առողջապահության նախարարը:

Մարզպետն էլ իր հերթին պարտավորվել է, որ իրենք լուրջ աշխատանքներ կտանեն կառավարման բարելավման ուղղությամբ, իսկ ծրագրային եւ տեխնիկական հագեցվածության առումով ակնկալում են  առողջապահության նախարարության աջակցությունը:

Դերենիկ Դումանյանը նշել է, որ մարզային այցերից կարծիք է ձեւավորվել, որ առկա խնդիրների մի զգալի մասն ընդհանուր է բոլոր մարզերի համար: Նախարարը տեղեկացրել է, որ այցերի արդյունքում արդեն այդ խնդիրների լուծման նպատակով որոշումներ են կայացվել, որոնք ֆինանսական հավելյալ հոսքեր են ուղղել դեպի մարզեր:

Մարզպետարանում քննարկվել է բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների ծանրաբեռնվածության, Վայքի եւ Եղեգնաձորի բուժհաստատություններում ծառայությունների կրկնությունների,  առողջապահական հիմնական ցուցանիշների, ինչպես նաեւ բուժաշխատողների աշխատավարձերի վրա դրանց բացասական ազդեցության հարցը: Խնդիրներ, որոնք սահմանափակում են բուժհաստատությունների զարգացման հնարավորությունները:

Խոսելով մարզից ծնունդների անհիմն արտահոսքի մասին (2011 թվականին մարզում հաշվառված 836 հղիից 270-ը ծննդաբերել է մարզից դուրս, հիմնականում` Երեւանում)` նախարարը, որպես խնդրի լուծման ճանապարհ, ներկայացրել է կանանց կոնսուլտացիաների եւ ծննդատների մանկաբարձ-գինեկոլոգների գործունեության ռոտացիոն սկզբունքի ներդրումը: Սրա նպատակն այն է, որ հղիությունը վարող, հղիության ողջ ընթացքին ծանոթ մասնագետն ինքն էլ ընդունի ծնունդը: Դրա համար կարեւոր նախապայման է, որ ծննդատները եւ կանանց կոնսուլտացիաները միեւնույն կառուցվածքում լինեն:

Դերենիկ Դումանյանը նշել է, որ միայն լավ հագեցած նորակառույց հիվանդանոցները բավարար չեն մարզի առողջապահական խնդիրները պատշաճ լուծելու համար: Անհրաժեշտ է պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցները ճիշտ կառավարել, ինչպես նաեւ բուժհաստատությունները համալրել անհրաժեշտ մասնագետներով:

Այնուհետեւ նախարարը մարզպետի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձորի, Վայքի եւ Ջերմուկի բուժհաստատություններ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին, զրուցել բուժաշխատողների եւ բուժվող հիվանդների հետ: