Մինչ օրս գրանցված շուրջ տասը սիրիահայ զոհերից ոչ մեկը ազգային կամ կրոնական խտրականության պատճառով չի եղել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ազատ-Հայ» Միջին Արեւելքի հայության կայքի խմբագիր Հրաչ Քալսահակյանը:
«Ընդդիմության պաշտոնական ուղղությունը «Սիրիան մեկ ազգ է» նշանաբանն է: Սոցիալական ցանցերում սակայն, որտեղ միլիոնավոր սիրիացիներ են գրում, բնականաբար կարելի է հանդիպել ամեն տեսակի անհանդուրժող խոսքերի, լուտանքների, հայհոյանքների եւ սպառնալիքների`գրառված բոլոր կողմերի համակիրների կողմից: Զգալի է սակայն հակաալեւիական տրամադրությունները երկրի սուննի բնակչության մոտ»,- ասել է Հ. Քալսահակյանը:
Վերջինիս խոսքով, հայերի դեմ ուղղված բռնություն չի գրանցվել ոչ միայն արաբաբնակ շջաններում, այլ նաեւ երկրի հյուսիս-արեւելքում գտնվող, Թուրքիային սահմանակից Քամիշլիում, որտեղ մեծամասնություն են կազմում քրդերը: Վիճակը քիչ թե շատ նույնն է հյուսիս-արեւմուտքում գտնվող Քեսաբում, որտեղ գերակշռում են հայերը` ալեւի փոքրամասնությամբ հանդերձ: Ընդդիմադիրներն ավելի շատ ուղղված են վերջիններիս դեմ, որոնք թեեւ փոքրաթիվ են, բայց ավելի ազդեցիկ:
Այդուհանդերձ, հաղորդակցումն այդ շրջանում լրջորեն խաթարված է, հասնող լուրերը` կցկտուր` ինչպես այս, այնպես էլ Մեծի Տանն Կիլիկիո պատրիարքության Բերիո թեմի (առաջնորդարանը` Հալեպում) այլ տարածքներում: «Երկու օրից ավելի է`Քեսաբի հետ հեռախոսային հաղորդակցությունը խզված է, լուրեր կան, որ Լաթաքիա – Քեսաբ ճանապարհն արդեն ընդդիմադիրների ձեռքին է, ինչպես եւ Քեսաբի մոտակայքում գտնվող Ֆըրըլըք անտառային շրջանը, որ Թուրքիայի հետ սահմանային գոտի է»,- հայտնել է Հ. Քալսահակյանը: Ընդդիմադիրների ձեռքն արդեն անցել է Րաբիա լեռնային շրջանը, որն ընկած է Քեսաբից դեպի Հալեպ տանող ճանապարհին: Քեսաբից միակ ելքն այժմ մնում է դեպի Րաս Էլ Բասիթ ծովափը տանող 20 կիլոմետրանոց ճանապարհը, որտեղից կարելի է հասնել Լաթաքիա սովորականից ավելի երկար ժամանակում:
Տրանսպորտի եւ կապի խնդիրը բարդացել է նաեւ Հալեպում: Հալեպ - Դամասկոս չվերթները շարունակվում են, սակայն տոմսերը սահմանափակ են, գները շատ են բարձրացել: «Պետք է նշել, որ Հալեպի հայաբնակ շրջանից մինչեւ Հալեպի օդանավակայան հասնելու համար պետք է անցնել «Սիրիական Ազատ Բանակ»-ի անցակետերով, ինչը կարող է դրանք թիրախ դարձնել պետական ուժերի կողմից, բայց դրանք չեն գնդակոծվում, հավանաբար լռելյայն համաձայնության պատճառով, քանի այդ կետը կարեւոր նրբանցք է համարվում դեպի օդանավակայան մեկնող բնակչության համար»:
Հալեպի օդանավակայանն այժմ մնում է պետության հսկողության տակ, բայց միակ միջազգային ավիաուղիները, որոնք այժմ գործում են դեպի Հալեպ, Սիրիական եւ Եգիպտական պետական ավիաուղիներն են, ինչպես նաեւ հայկական «Արմավիան»:
Քասլահակյանը նշեց, որ թեեւ Բեյրութը Հալեպին աենամոտ հայկական գաղթօջախն է եւ Հայաստանից երեւում է համեմատաբար ապահով, սակայն քչերն են այդտեղ տեղափոխվել: Ցամաքային ճանապարհը տեւական ժամանակ վտանգավոր է դարձել: Հալեպից ինքնաթիռով կարելի է հասնել միայն Դամասկոս, որտեղից արդեն պետք է վտանգավոր ցամաքային ճանապարհ ընկնել դեպի Բեյրութ (հիշեցնենք, Բեյրութի ճանապարհին էր առեւանգվել Հովսեփ Բալմանուկյանը, որը փրկագնի դիմաց ազատվել էր): Հալեպ - Բեյրութ թռիչքը նույնպես դադարեցված է: «Հիմա նույնիսկ դժվար է Հալեպում մի թաղամասից մյուսը գնալ»:
Բեյրութ է տեղափոխվել ընդամենը մի քանի ընտանիք, հիմնականում` համեմատաբար ապահով խավի, հին ծանոթների կամ բարեկամների մոտ որոշ ժամանակ մնալու: Սիրիահայերն ընդմիշտ գաղթելու մասին չեն մտածում. Լիբանանի կենսամակարդակն առաջվանը չէ, աշխատանքի հնարավորությունները` շատ սահմանափակ: «Հիսուն հազարից ավելի սիրիացի գաղթական կա այս օրերին Լիբանանում: Հայկական կազմակերպությունները աշխատանք չեն կատարել ընդունելու որեւէ հայ գաղթականի», - ավելացրեց «Ազատ-Հայ» կայքէջի խմբագիրը: Ողջ Լիբանանի կտրվածքով` մտահոգություն կա, որ Սիրիայի դեպքերն ի վերջո կդետոնացնեն Լիբանանի ներքաղաքական իրավիճակի մի շարք խնդիրներ:
Սահմանափակ է արտագաղթը նաեւ Պարսից Ծոցի հարուստ երկրներ` Քուվեյթ, Էմիրատներ եւ Քաթար, ուր վերջին տասնամյակի ընթացքում հայազգի աշխատանքային միգրանտների բջիջներ են ձեւավորվել: Գործող օրենքներով` ազգականներից նրանք կարող են հրավիրել միայն հորը եւ մորը: Սակայն վերջին ամիսներին, երբ սրվեց լարվածությունը Ծոցի երկրների եւ Սիրիայի միջեւ, այդ թույլտվությունը հանվեց:
«Անցյալ շաբաթ Էմիրութիւններից ժամանող երկու ավիաընկերութիւնները` «Ֆլայ Դուբայը» եւ «Էյր Արաբիան», դադարեցրեցին իրենց չվերթները դէպի Հալեպ:Միայն Շարժա - Լաթաքիա թռիչքն է գործում այժմ շաբաթական երկու անգամ, ինչպես նաեւ Դամասկոս ուղեւորվող մի քանի թռիչքներ», - հավելել է Հ. Քալսահակյանը:




























