Նոր ուսումնասկան տարում «Առաջնորդության դպրոց»-ի ուսանողների հետ կհամագործակցեն Արիզոնայի համալսարանի ուսանողները` իրականացնելով համատեղ ծրագրեր: Այդ մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց  «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը։

«Առաջնորդության դպրոցում» դասերը կսկսվեն սեպտեմբերին, իսկ ուսանողներին կդասավանդեն մասնագետներ, ովքեր երաշխավորված են Եվրոպական կենտրոնի կողմից։ Բացի այդ,  դասախոսների դերում հանդես կգան  հայաստանյան տարբեր գործիչներ, ովքեր հաջողությունների են հասել իրենց գործունեության ոլորտում։

«Յուրաքանչյուր տարի ունենում ենք 100-150 դիմորդ, սակայն ընդունվում են լավագույները` մոտ 20-25 դիմորդ: Ընդունելության քննությունները երկուսն են` գրավոր եւ բանավոր: Մեզ համար կարեւորը որակն է, դպրոցը կարող է ունենալ ընդամենը հինգ, բայց որակյալ ուսանող: Այս պահին ընդունելության փուլն է, որը կավարտվի առաջիկա օրերին եւ արդեն պարզ կլինի, թե քանի ուսանող կունենանք»,- նշեց Ս. Մովիսյանը:

Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերին եւ ավարտվում  մայիսին` երկու ուսումնական կիսամյակով: Ուսման վարձը 200 հազ. դրամ է, եւ, ըստ Ս. Մովսիսյանի, չի փոփոխվել ուսումնական հաստատության հիմնադրման օրվանից: Գանձվող գումարներն ուղղորդվում են նորաստեղծ բիզնես ընկերություններին օժանդակելու համար:

Ըստ Ս.Մովսիսյանի` «Առաջնորդության դպրոց»-ը չի դադարեցնում կապն իր շրջանավարտների հետ` համախմբելով նրանց շրջանավարտների միության հետ, խրախուսելով նրանց ստեղծելու իրենց սեփական բիզնես ընկերություններ:

Նշենք, որ «Առաջնորդության դպրոցը» իր գործունեությունը սկսել է 2009 թվականից: