Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանն այսօր` օգոստոսի 24-ին անփոփոխ է թողել Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումը: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը, պաշտպանները բողոքարկել էին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 8-ի որոշումը` Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ 2-ամսյա կալանք ընտրելու մասին:
Նշենք, որ Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քր.օր.-ի 38 եւ 35-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (Սպանության հանցափորձ) հատկանիշներով: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, նա փորձել է շահադիտական նպատակներով սպանության փորձ կատարել:
Փաստաբանի խոսքով, Սամվել Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ հերքում է բոլոր մեղադրանքները:




























