Այսօր ժամը 15-ի սահմաններում Կապանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ, անկուսակցական Գագիկ Աթաջանյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել  թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

«Առավոտի» փոխանցմամբ, Գ. Աթաջանյանի  հետագա ընտրապայքարից հրաժարվելու  մասին լուրերն արդեն մի քանի օր է` Կապանում ակտիվ շրջանառվում էին, եւ որոշ հանգամանքներով պայմանավորված` թեկնածուի այդ քայլը շատերի համար սպասելի էր: Աթաջանյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գլխավոր մասնագետ է աշխատում:

Այսպիսով, Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություներին ընտրապայքարը կշարունակի 2 թեկնածու` գործող քաղաքապետ Արտուր Աթայանը եւ Աշոտ Հայրապետյանը, որոնք արդեն մեկնարկել են քարոզարշավը: Աշնանը Կապանում սպասում է թեժ ընտրություն, մի կողմից` ՀՀԿից առաջադրված թեկնածուն, ում սատարում են Սյունիքի մարզպետն ու ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը, մյուս կողմից էլ` Կապանի գործող քաղաքապետը` պաշտոնավարման 4 տարիներին քաղաքում բավականաչափ խնդիրներ լուծած, բարեփոխումներ իրականացրած ու ընտրողների հոծ զանգվածի վստահությունը շահած թեկնածուն:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, հանրապետական թեկնածուին աջակցելու կոչ է արել նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը, իսկ տեղամասային հանձնաժողովներում ՀԱԿ-ի տեղերը տրվել են ՀՀԿ-ին: