ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Բուդապեշտի Միջազգային իրավապահ ակադեմիայում տեղի ունեցող «Թիվ 87 դասընթաց» ծրագրին մասնակցելու նպատակով դեռեւս օգոստոսի 18-ից այնտեղ գտնվող Հայաստանի դատախազության 3 աշխատակիցներ ետ են կանչվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Աշխատակիցները մինչեւ հոկտեմբերի 11-ը պետք է ուսումնառություն անցնեին նշված ակադեմիայում, սակայն նրանք արդեն փոխանակել են տոմսերը եւ վաղը կլինեն Երեւանում: ՀՀ դատախազության աշխատակիցներին ետ կանչելու մտադրության մասին ՀՀ գլխավոր դատախազն այսօր գրավոր ուղերձ է հղել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնեին՝ նկատի ունենալով, որ նշված ծրագրի իրականացումը ֆինանսավորվում էր ԱՄՆ կառավարության կողմից:
«Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության արտոնմամբ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար 2004 թ. փետրվարի 19-ին ձերբակալված եւ 2006 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը, որին անմիջապես հաջորդել է Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին ներում շնորհելը, ոչ միայն առաջացրել է վրդովմունք եւ ցասում, այլ նաեւ` մտահոգություն՝ դասընթացներին հայազգի մասնակիցների անվտանգության համար: Էթնիկ հողի վրա հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին՝ Բուդապեշտում դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը ձեւավորում է այսօրինակ հանցագործությունների համար անպատժելիության մթնոլորտ, ստեղծում պարարտ հող` դրանց կրկնության համար: Նման պայմաններում ՀՀ դատախազությունն անհնարին է համարում իր աշխատակիցների մասնակցությունը Բուդապեշտում կազմակերպվող դասընթացներին»,- հայտնեց դատախազի մամուլի քարտուղարը:




























