Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 4-ին, ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին:
Ինչպես NEWS.am –ին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության ղեկավարը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ, եւ երկու ժողովուրդների միջեւ համակրանքն ու փոխադարձ վստահությունը գոյություն են ունեցել Հայաստանի անկախացումից շատ ավելի վաղ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է ավելի խորացնելու հարաբերությունները բարեկամ Արգենտինայի հետ եւ հույս է հայտնել, որ արտգործնախարար Թիմերմանի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա հայ-արգենտինյան համագործակցությունը զարգացնելու եւ երկկողմ կապերն առավել ամրապնդելու համար:
Արտգործնախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի խոսքով, Հայաստանը Արգենտինայի համար պարզապես երկիր չէ, այլ բարեկամ երկիր, որի պատմությունը հարգանքի է արժանի: Նախարարը վստահեցրել է, որ Արգենտինայի ժողովրդի ցանկությունն է՝ խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, եւ իր երկրի կառավարությունն այն իրականացնելու բոլոր հնարավորություններն ունի:
Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել նաեւ միջազգային կառույցների շրջանակներում հայ-արգենտինյան փոխգործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով այդ ձևաչափում եւս շարունակել երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների սերտացումը:
Նախագահ Ս. Սարգսյանը եւ Արգենտինայի արտաքին գործերի նախարարը դրվատանքով են խոսել Արգենտինայում մեծ հեղինակություն վայելող հայ համայնքի մասին եւ մեծապես կարևորել համայնքի դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:




























