Սեպտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թուրքմենստանի ԱԳ առաջին փոխնախարար Վեպա Խաջիեւին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանն ընդգծելով, որ այս տարի նշվում է հայ-թուրքմենական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը՝ բարձր գնահատեց անկախությունից ի վեր Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ ձեւավորված բազմոլորտ համագործակցությունը, ինչպես նաեւ կարծիք հայտնեց, որ երկկողմ բարձրաստիճան այցելությունները եւ պարբերական քաղաքական խորհրդակցությունները երկու երկրների միջեւ զգալի դեր ունեն հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում:
Փոխնախարար Խաջիեւը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ նշեց, որ թուրքմենական կողմը կարեւորում է բարեկամական կապերի ամրապնդումը Հայաստանի հետ, եւ Թուրքմենստանի նախագահի գալիք այցը Հայաստան դրա եւս մեկ ապացույցն է լինելու:
Զրուցակիցները քննարկեցին սեպտեմբերի 6-ին մեկնարկող հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի անցկացման եւ տնտեսական համագործակցության ակտիվացման, էներգետիկ եւ տրանսպորտային բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:




























