Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիեւի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանրապետության ղեկավարը Թուրքմենստանի փոխվարչապետի այցը եւ դրա շրջանակներում Երեւանում հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը համարել է երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված փոխադարձ հետաքրքրվածության հաստատում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Թուրքմենստանի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու հումանիտար կապերի ընդլայնումը բխում են երկու բարեկամ ժողովուրդների շահերից: Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու եւ զարգացնելու այդ հարաբերությունները:
Փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիեւն արդյունավետ է համարել միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստի աշխատանքը, որտեղ նրա խոսքով, քննարկվել են մի շարք ոլորտներում երկարաժամկետ եւ փոխշահավետ համագործակցությանն ուղղված հարցեր:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի համապատասխանում քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին եւ, նրանց համոզմամբ, կողմերն այդ ուղղությամբ զգալի աշխատանք ունեն իրականացնելու:




























