Ցանկացած քաղաքական գործիչ, առավել եւս` կուսակցության խոսնակը պետք է զերծ մնա շանտաժ պարունակող եւ անձնական վիրավորանք պարունակող հայտարարություններից, դա պատիվ չի բերում հենց նման հայտարարություն անողին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ գործարար Բարսեղ Բեգլարյանին հանգիստ չի տալիս Գագիկ Ծառուկյանի վարկանիշը:

Հարցին, թե կարելի է սա համարել ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետ, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Իմ համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական տեսակետը Գագիկ Ծառուկյանի  հայտարարություններն են»:

Ինչ վերաբերում է Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած տվյալներին` կապված վարչապետի եղբոր հետ, ապա, Էդուարդ Շարմազանովի խոսքով,  որեւէ բացահայտում չի ներկայացվել, «Չեմ կարծում, որ դրանք ընդունելի են, որովհետեւ առնվազն անկեղծ չէ հասարակության հետ»: «Ինչ վերաբերում է վարկանիշին, ես դրական եմ գնահատում  Ուրիխանյանի նվիրվածությունը իր կուսակցությանը եւ իր կուսակցության ղեկավարին, բայց չեմ կարծում, որ պետք է այդ կարծիքը փաթաթել ուրիշի վզին»,- նշեց նա:

ԱԺ փոխնախագահը  կոչ արեց բոլորին լինել կոռեկտ, հավասարակշռված, զերծ մնալ անձնական վիրավորանք պարունակող հայտարարություններից, որովհետեւ «պատմությունը ցույց է տվել, որ քաղաքականության մեջ կարճ է այն գործիչների կյանքը, ովքեր գնում են շանտաժի եւ անձնական վիրավորանքների ճանապարհով»:

Հիշեցնենք, որ  ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, մեկնաբանելով մամուլում շրջանառվող կարծիքը, թե Գագիկ Ծառուկյանի իմացությունը չի բավարարում երկրի ազգային անվտանգության խորհրդում ներկայացված լինելու համար, ասել էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ գործարար Բարսեղ Բեգլարյանին հանգիստ չի տալիս Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշը: «Այդ անձինք մեկ հստակ խնդիր ունեն, փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այդ խնդիրը լուծելու համար նրանք որեւէ միջոցի առջեւ, լինի դա բարոյական թե նյութական, կանգ չեն առնում եւ դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ:Տվյալ լրատվամիջոցում եւ իրենց «անաչառ» հորջորջող մի քանի այլ լրատվամիջոցներում ու կայքերում այդ երկյակը պարբերաբար եւ հետեւողականորեն պատվերներ է իջեցնում Գագիկ Ծառուկյանի դեմ, քանզի երկյակին հանգիստ չի տալիս Ծառուկյանի վարկանիշն ու մեծ ժողովրդականությունը, քանզի նրանց մեծապես անհանգստացնում է այն, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ ներկայացուցիչները հրապարակայնորեն քննադատում են տարվող խայտառակ եւ անարդյունավետ տնտեսական քաղաքականությունը, որի արդյունքում արտագաղթի, աղքատության տեմպերը այլեւս լրջագույն վտանգ են երկրի ազգային անվտանգությանը, երկրի արտաքին պարտքի մտահոգիչ թվերը դարձել եւ միջազգային հեղինակավոր տնտեսական կառույցների քննարկման եւ մտահոգության առարկան: Երկիրը դատարկվում է, որովհետեւ մարդիկ իրենց հայրենիքում ապրելու հեռանկար չեն տեսնում եւ բնական է, որ այս ամենին ահա այս վարչապետի պատասխանը պետք է լիներ հետեւյալը` մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»,- նշել էր Տիգրան Ուրիխանյանը: