Էջմիածնում 25-ամյա Խաչիկ Նվերյանը ամուսնացել է 16 տարին չլրացած Սոնա Կիրակոսյանի հետ, ով հետագայում հղիացել է, սակայն աստիճանից վայր ընկնելու հետեւանքով վիժել է: NEWS.am-ը Արմավիր մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ սույն  գործը իրենց մոտ վարույթ է ընդունվել օգոստոսի 30-ին եւ առաջիկայում դատական նիստ է կայանալու:

Խաչիկ Նվերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. օգոստոսի 26-ին ամուսնացել է Էջմիածին քաղաքի բնակիչուհի Սոնա Կիրակոսյանի հետ եւ նույն օրը իր քրոջ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Ալվարդ Նվերյանի տանը սեռական հարաբերություն է ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած Սոնա Կիրակոսյանի հետ, որի հետեւանքով վերջինս հղիացել է եւ հետագայում վայր ընկնելու հետեւանքով հղիությունը ընդհատվել է:

Խաչիկ Նվերյանը մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 141 հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ` 17 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ: Սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Ներկա պահին խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Հ.Գ Գործում ներգրավված  անձանց անուն ազգանունները փոխված ենք ներկայացրել: