Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւ ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակը այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կազմակերպել էին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված ընդունելություն։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին արտգործնախարարության մամուլի ծառայությունից, բացի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից, միջոցառմանը ներկա են եղել նաեւ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԵԱՀԿ մշտական խորհրդի անդամ 25 դեսպաններ, Երեւանում դիվանագիտական ներկացուցչությունների դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ԵԱՀԿ-ի եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Նախարար Նալբանդյանը նշել է, որ անկախությունից անմիջապես հետո Հայաստանի առաջին քայլերից էր անդամակցությունը ԵԱՀԿ-ին: «Այդ կազմակերպությունը միտված է անվտանգության դաշտ ստեղծել Վանկուվերից Վլադիվոստոկ: Հայաստանը կազմակերպության աշխատանքներին ակտիվ իր մասնակցությամբ նպաստում է միասնական եւ անբաժան եվրատլանտյան եւ եվրասիական անվտանգության ապահովմանը: Առաջին իսկ օրվանից մենք ակտիվ կերպով մասնակցել ենք տարբեր մակարդակներով բազմաթիվ հանդիպումների եւ հավաքների եւ նպաստել ենք բոլոր հիմնական փաստաթղթերի եւ որոշումների բանակցմանն ու ընդունմանը»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ առավել քան տասը տարի գործող ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը իր զգալի ներդրումն ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման, բնապահպանական խնդիրների լուծման գործում:
Ըստ նրա՝ ԵԱՀԿ-ին անդամակցության քսան տարիների ընթացքում Հայաստանը կայուն առաջընթաց է ապրել, ինչի արդյունքում այժմ ամուր հիմք է դրված ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար: «Բայց դեռ բավական անելիքներ կան եւ այս գործում մենք կշարունակենք ակնկալել նաեւ ԵԱՀԿ աջակցությունը»,- ասել է Նալբանդյանը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաեւ Հայաստանում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Անդրեյ Սորոկինը, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահ Իռլանդիայի դեսպան Էոին Օ՛Լիրին:
Ընդունելության ընթացքում տեղի ունեցավ նաեւ ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը:





























