Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանն անդրադարձել է վարչապետի մամուլի ծառայությունը։ Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանի տարածված հայտարարության մեջ նշված է. «Տ. Ուրիխանյանի հայտարարության կապակցությամբ մեկնաբանություն ստանալու հարցումներին ի պատասխան հայտնում եմ, որ նմանատիպ հայտարարությունները մեկնաբանության կարիք չունեն։ Վերջին տարիներին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա ընտանիքի հասցեին հնչել են բազմաթիվ անհիմն մեղադրանքներ եւ զրպարտություններ։ Երիտասարդ գործչի խոսքերը այդ շարքին են պատկանում»։

Հիշեցնենք, որ  ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, մեկնաբանելով մամուլում շրջանառվող կարծիքը, թե Գագիկ Ծառուկյանի իմացությունը չի բավարարում երկրի ազգային անվտանգության խորհրդում ներկայացված լինելու համար, ասել էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ գործարար Բարսեղ Բեգլարյանին հանգիստ չի տալիս Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշը: «Այդ անձինք մեկ հստակ խնդիր ունեն, փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այդ խնդիրը լուծելու համար նրանք որեւէ միջոցի առջեւ, լինի դա բարոյական թե նյութական, կանգ չեն առնում եւ դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ:Տվյալ լրատվամիջոցում եւ իրենց «անաչառ» հորջորջող մի քանի այլ լրատվամիջոցներում ու կայքերում այդ երկյակը պարբերաբար եւ հետեւողականորեն պատվերներ է իջեցնում Գագիկ Ծառուկյանի դեմ, քանզի երկյակին հանգիստ չի տալիս Ծառուկյանի վարկանիշն ու մեծ ժողովրդականությունը, քանզի նրանց մեծապես անհանգստացնում է այն, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ ներկայացուցիչները հրապարակայնորեն քննադատում են տարվող խայտառակ եւ անարդյունավետ տնտեսական քաղաքականությունը, որի արդյունքում արտագաղթի, աղքատության տեմպերը այլեւս լրջագույն վտանգ են երկրի ազգային անվտանգությանը, երկրի արտաքին պարտքի մտահոգիչ թվերը դարձել եւ միջազգային հեղինակավոր տնտեսական կառույցների քննարկման եւ մտահոգության առարկան: Երկիրը դատարկվում է, որովհետեւ մարդիկ իրենց հայրենիքում ապրելու հեռանկար չեն տեսնում եւ բնական է, որ այս ամենին ահա այս վարչապետի պատասխանը պետք է լիներ հետեւյալը` մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»,- նշել էր Տիգրան Ուրիխանյանը: