Վանաձորում «Գազել»-ները ընտրողներին քվեարկության բերելու ահազանգի հետ կապված Ոստիկանության Վանաձորի բաժնում կատարվում է հետաքննություն;: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:
Նշենք, որ սեպտեմբերի 9-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող Օֆելյա Զալյանը հայտնել է ոստիկանություն, որ Վանաձոր քաղաքի թիվ 30/07, 30/08 ընտրատեղամասեր 3 անգամ ընտրողներին քվեարկության է բերել 0635Լ պետհամարանիշի «Գազել» մակնիշի երթուղային տաքսին, իսկ 30/33, 30/54 տեղամասեր՝ 1861Լ պետհամարանիշի կապույտ գույնի եւ 0469 պետհամարանիշի կանաչ գույնի «Գազել»-ները:
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում անց են կացվում ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ են ընթանում Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ: Թեեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վստահեցնում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ընթանում են բնականոն հունով, բայց Գյումրիում եւ Վանաձորում խախտումների մասին ահազանգել են իրավապաշտպանները, քաղաքացիները եւ լրատվամիջոցները:




























